Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ի մամուլ


«Հայկական ժամանակը» տեղեկացնում է․ - «Հայտնի է դարձել, որ երեկ Վերահսկիչ պալատը մտել էր Կոտայքի մարզ՝ լայնամասշտաբ ստուգումների։ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդակցություն էր անցկացրել մարզպետարանում ու հայտնել, որ ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման եւ դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաեւ՝ համայնքների մշակութային, կրթական եւ առողջապահական հաստատություններում»։ Լրագրողը մեկնաբանում է․ - «Ուշագրավ է, որ Ծառուկյանի հնազանդեցման գործնական քայլը որոշվել է անել երբեմնի կարկառուն ԲՀԿ-ական Իշխան Զաքարյանի միջոցով։ Վերջինս երեկ հարկ է համարել ընդգծել, որ իրենց գործառույթը ստուգումներ իրականացնելն է եւ դրանց արդյունքները համապատասխան մարմիններին փոխանցելը։ Խոսքը, բնականաբար, նաեւ իրավապահ մարմինների մասին է եւ ակնարկը, թերեւս, բավական թափանցիկ էր։ Իսկ երբ դեռ անցյալ շաբաթ մենք Ծառուկյանի մյուս խնամուն՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրել էինք, թե տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է Գագիկ Ծառուկյանի բիզնեսների վրա գրոհ սկսել, նա պատասխանել էր․ «Չկա նման բան, ես գոնե տեղեկացված չեմ»։

Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը «168 ժամին» տված հարցազրույցում ասում է․ - «Այսօր արդեն բացարձակապես հետաքրքիր չէ՝ կոալիցիան կպահպանվի՞, թե՞ ոչ, քանի որ հերթական ընտրություններին մնացել է ընդամենը մի քանի ամիս։ Ինչ վերաբերում է կոալիցիայի ներսում հարաբերություններին, իսկ ավելի ճիշտ՝ ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններին, ապա դրանք համապատասխանում են իրավիճակին բոլոր առումներով։ Նախ, կոալիցիոն կառավարության ձեւավորումն ամուսնություն չէ, որ դրա ընդհատումը համարվի արտառոց երեւույթ։ Ճիշտ հակառակը, շատ հաճախ կոալիցիոն հարաբերությունների ընդհատումը վկայում է առողջ միջկուսակցական հարաբերությունների, մրցակցության առկայության մասին։ Ցավոք, դա Հայաստանում չկա, եւ ոմանք անգամ իրենց գնահատմամբ՝ «ախմախությանն» են կողմ քվեարկում՝ հանուն կոալիցիոն հարաբերությունների։ Այդուհանդերձ, պետք է նկատել, որ ԲՀԿ-ի լուռ ընդվզումները տրամաբանական են։ Իշխանության մեջ կոալիցիոն համամասնությունները սովորաբար համապատասխանում են խորհրդարանում ձայների համամասնությանը, մինչդեռ դժվար չէ նկատել, որ Հայաստանում այն ակնհայտորեն խախտված է՝ ի վնաս ԲՀԿ-ի»։

«Հրապարակի» թղթակիցը դաշնակցական պատգամավոր Հրայր Կարապետյանին հարցնում է․ - «Դաշնակցությունը որոշե՞լ է, թե ում է սատարելու նախագահական ընտրություններում»: Պատասխան․ - «Նախ` մեզ սպասում են խորհրդարանական ընտրություններ, եւ միանշանակ Դաշնակցությունը միայնակ է մասնակցելու այդ ընտրություններին: Եթե կլինեն կուսակցություններ, որոնք կուզենան մեզ միանալ, մենք կքննարկենք այդ հարցը, բայց որ մենք ինքնուրույն ենք լինելու ընտրություններում, սա միանշանակ է: Նախագահական ընտրությունների հետ կապված որոշում է արտահերթ գերագույն ժողովը, որը պետք է տեղի ունենա խորհրդարանական ընտրություններից հետո: Բայց ընդհանրապես ՀՅԴ-ն ինքնուրույն կուսակցություն է եւ հակված է իր ուժերին ապավինելու»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առավոտին» ասում է․ - «Անհասկանալի է, թե ինչ նպատակ են հետապնդում բանակում առկա թերությունները բարձրաձայնողներին քննադատողներն ու լռեցնողները: Բանակում զինվորների սպանությունների ու ինքնասպանությունների որպես հիմնական պատճառ արդարացիորեն նշվում են ոչ կանոնակարգային հարաբերությունները, եւ ոչ ոք դա չի վիճարկում: Բանակին առնչվող ու առնչված որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակում շատ դեպքերում կանոնադրության փոխարեն գործում են քրեական աշխարհին յուրահատուկ օրենքները, ինչն էլ հանգեցնում է սպանության կամ ինքնասպանության: Սրա հիմքերը դրվել են վաղուց, դեռ բանակի կազմավորման փուլում: Բայց վերջին 10-15 տարիների համեմատաբար խաղաղ շրջանը բանակի հրամանատարությունը պետք է օգտագործեր այդ երեւույթը բանակից իսպառ արմատախիլ անելու համար: Կյանքը ցույց է տալիս, որ այն ոչ միայն արմատախիլ չի արվել, այլեւ խորանալով՝ շարունակում է երիտասարդ կյանքեր խլել: Սա սարսափելի է, եւ պետք է բարձրաձայնվի ու քննադատվի»։

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Հայոց աշխարհին» ասում է․ - «Եթե սա ներկայացվում է որպես դիվանագիտական հաղթանակ, բոլորի համար ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն օգտագործելու է այդ հարթակը պրոպագանդիստական նպատակներով` հակահայ քարոզչության, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացն իր ցանկացած հունով ուղղորդելու համար։ Հետեւաբար պետք է ակնկալել, որ նրանք կսկսեն տհաճ մի գործընթաց, որով կփորձեն շեղել կարգավորման գործընթացը բնականոն հունից եւ տեղափոխել ՄԱԿ-ի հարթակ։ Բացի դրանից, կարելի է ակնկալել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի որոշակի ակտիվացում։ Կարծում եմ, Ադրբեջանը կսկսի միանշանակ սատարել Թուրքիային քրդական հարցում եւ Իսրայելի հետ փոխհարաբերություններում։ Այսինքն` նրանք կօգտագործեն այս հարթակը նաեւ իրենց պանթուրքական ծրագրերն առաջ տանելու նպատակով»։
please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG