Մատչելիության հղումներ

Բերմանը եւ Շիֆը ստացան Հայաստանի պետական պարգեւները


Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքում երեկ կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը հայամետ կոնգրեսականներ Հովարդ Բերմանին եւ Ադամ Շիֆին է հանձնել «Մխիթար Գոշ» մեդալը։

Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսականները Հայաստանի Հանրապետության բարձր պարգեւին արժանացել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարիներ շարունակ գործադրած ջանքերի եւ հայ - ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած նպաստի համար։ Համապատասխան հրամանագրերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է այս տարվա ապրիլի 11-ին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` միջոցառումը տեղի է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատմական դահլիճում, որտեղ բազմիցս քննարկվել են հայությանը հուզող հարցեր, այդ թվում` հավանության են արժանացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի նախագծեր։

Հանդիսությանը մասնակցել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 18 անդամներ, այդ թվում` հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Էդ Ռոյսը, ԱՄՆ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը եւ ներկայացուցիչներ, Հայաստանի բարեկամներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG