Մատչելիության հղումներ

«Դատարանները անհամաչափ միջամտություն են ցուցաբերել «ՀԺ»-ի նկատմամբ»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ստեղծված Տեղեկատվական վեճերի խորհուրդը եզրակացրել է, որ դատարանները «անհամաչափ միջամտություն» են ցուցաբերել «Հայկական ժամանակ» օրաթերթի ազատ արտահայտվելու իրավունքին:

Նման եզրակացության խորհուրդը հանգել է` ուսումնասիրելով «Հայկական Ժամանակ»-ի դեմ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Լեւոն Սարգսյանի ու Սամվել Ալեքսանյանի հայցի քննությունն ու դատարանների որոշումները:

Հիշեցնենք, որ պատգամավորները իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վիրավորանք էին համարել թերթի անցած տարվա հոկտեմբերի 14-ի համարում «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հրապարակումը: Փետրվարին առաջին ատյանի դատարանը մասամբ բավարարեց պատգամավորների հայցը` «Հայկական Ժամանակ»-ին պարտավորեցնելով հերքում տպագրել եւ պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ` որպես նրանց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառած վնասի հատուցում: Վերաքննիչ դատարանը այս վճիռը թողեց անփոփոխ, իսկ Վճռաբեկը ընդհանրապես քննության չառավ «Հայկական Ժամանակ»-ի հայցը:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածն ու դատարանների վճիռները Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համատեքստում, եզրակացրել է, որ հայաստանյան դատարաններն իրենց որոշումներում չեն կիրառել մի շարք չափորոշիչներ, ինչը հանգեցրել է լրատվամիջոցի ազատ արտահայտման իրավունքի անհամաչափ միջամտությանը:

«Խորհուրդն էլ արձանագրում է, որ տեղի է ունեցել ապօրինություն, իհարկե այլ բառապաշարով: Փաստացի մենք ունենք մեկ դատավճիռ` առաջին ատյանի վճիռը, մյուս ատյանները ընդամենը հաստատել են այդ դատավճիռը, ընդ որում` աբսուրդ ձեւակերպումներով: Վերաքննիչ դատարանի դատավճռում կա այսպիսի ձեւակերպում, որ հրապարակումը խանգարել է պատգամավորներին բարեխղճորեն կատարել իրենց պատգամավորական գործունեությունը: Մինչդեռ մենք հանեցինք վիճակագրություն, ասենք պատգամավորներից մեկը` Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր ընտրվելուց հետո փաստացի ոչ մի քվեարկության չի մասնակցել, մյուսները շատ քիչ են մասնակցել: Ըստ օրենքի այդ մարդիկ պետք է վաղուց մանդատից զրկված լինեին, բայց բժշկի ինչ-որ տեղեկանքներ են բերում, որ հիվանդ են: Ես իրենց ասել եմ նաեւ, որ այս մեր գումարները կարող են օգտագործել իրենց խրոնիկ հիվանդությունները բուժելու համար», - ասաց Փաշինյանը:

Դատարանի սահմանած գումարը ` 6 միլիոն 234 հազար դրամը վճարելու համար հօգուտ «Հայկական Ժամանակի» անցկացվեց հանգանակություն: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ գումարը հավաքվել է, եւ նրա բնորոշմամբ` «օլիգարխները» պետք է դիմեն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որ գումարը բռնագանձվի եւ հանձնվի իրենց:

«Հանգանակության արդյունքում 7 միլիոնից ավելի գումար է հավաքվել, բայց այդ գումարը դեռեւս մեր հաշիվներին է: Այդ գումարը բռնագանձելու դիմում դեռեւս օլիգարխները չեն տվել, եթե մինչեւ հիմա այդ գումարը չեն վերցնում, նշանակում է` մինչեւ հիմա շարունակում են ապրել արատավորված պատվով եւ արժանապատվությամբ», - ասաց Փաշինյանը:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի` վերջին 2 տարիներին թերթին 10 միլիոն դրամի վնաս է հասցվել (Փաշինյանը հիշեցրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ դատական վեճը):

«Խնդիրը եղել է շատ պարզ` «Հայկական ժամանակ» օրաթերթին ֆինանսական, տնտեսական լծակներով կանգնեցնել փակուղու առաջ», - գնահատեց գլխավոր խմբագիրը:

Զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից հետո լրատվամիջոցների դեմ 29 հայց է ներկայացվել դատարան: Տեղեկատվական վեճերի խորհրդի ներկայացուցիչ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի դիտարկումներով` լրատվամիջոցներին դատի տալու այս գործընթացը երեք փուլով ընթացավ` առաջին փուլում ակտիվացան բիզնեսի եւ քաղաքական էլիտայի կարկառուն դեմքերը, երկրորդ փուլում կարծես լրատվամիջոցների դեմ լարվածությունը թուլացնելու քայլեր արվեցին, բայց դա շատ կարճ տեւեց:

«Վերջին ամսվա ընթացքում տեսնում ենք երրորդ փուլը, որը շատ նման է առաջինին, երբ նորից քաղաքական եւ բիզնես էլիտայի ներկայացուցիչներն են շատ ակտվիորեն դիմում դատարաններ, պահանջում են առավելագույն պատիժներ լրագրողների եւ լրատվամիջոցների համար, եւ կարծես թե դատարանները հակված են այդ առավելագույն միջոցները նշանակելուն», - ասաց Նավասարդյանը:

Բորիս Նավասարդյանի կարծիքով` եթե օրենքը չենթարկվի փոփոխությունների եւ չհստակեցվեն պատասխանատվություն սահմանող դրույթները, ապա լրատվամիջոցների դեմ գործադրվող ֆինանսական ճնշումները «լուրջ մարտահրավեր կդառնան խոսքի ազատության համար»:

please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG