Մատչելիության հղումներ

11 նոր դատական հայց լրատվամիջոցների դեմ նախորդ եռամսյակում


Նախորդ եռամսյակում` հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, 11 նոր դատական հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ուրբաթ օրը ներկայացնելով կոմիտեի 3-րդ եռամսյակային զեկույցը, լուրջ մտահոգություն հայտնեց դատական գործերի շեշտակի աճի հետ կապված:

«Վիճակը իսկապես բավականին ծանր է, եւ եթե հաշվի առնենք, որ այդ դատական գործերի հայցվորները նաեւ քաղաքական գործիչներ են, իսկ նրանք հետամուտ են լինում, որ լրատվամիջոցը անպայման պատժվի, ընդ որում դատարաններն էլ իրենց օգնում են եւ բավարարում են այդ հայցերը հիմնականում մաքսիմալ փոխհատուցման չափով, դա մենք դիտում ենք նաեւ որպես քաղաքական ճնշում», - ասաց Մելիքյանը:

Խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների մասին զեկույցը բավական լարված եռամսյակ է արձանագրել առաջին հերթին հենց լրատվամիջոցների դեմ օրեցօր աճող հայցերի թվով պայմանավորված: Հատկանշական է, որ օրենսդրական փոփոխություններն ընդունելուց, երբ ապաքրեականացվեցին վիրավորանքն ու զրպարտությունը, լրատվամիջոցների դեմ 29 հայց է ներկայացվել, որոնցից 11-ը, փաստորեն միայն վերջին 3 ամիսների ընթացքում:

«Փաստորեն մոտ 30 հայց է եղել, եւ երեւի թե ոչ մեկը չէր սպասում այսպիսի զարգացումների` նույնիսկ պետական ատյանները, նույնիսկ օրենքի հեղինակները», - փաստեց Աշոտ Մելիքյանը:

Զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման նախաձեռնության հեղինակներից Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան Քաղաքացիական օրենսգրքի այդ դրույթների հակասահամանդրականության խնդրով:

Աշոտ Մելիքյանը ողջունում է օմբուդսմենի որոշումը, միեւնույն ժամանակ շեշտում, որ ամեն օրն է վճռորոշ դառնում լրատվամիջոցների համար:

«Այդ գործընթացը բերում է նաեւ ֆինանսական ծանր հետեւանքների. «Հայկական ժամանակ»-ը այդպիսի վիճակում հայտնվեց, երբ դատարանը պարտավորեցրեց նրան մուծել 6 միլիոնից ավելի գումար, եւ թերթը, ուղղակի այլ ելք չտեսնելով, դիմեց հանրությանը` հանգանակելով այդ գումարը», - ասաց Մելիքյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին նաեւ այն 8 թերթերի խմբագիրներից մի քանիսը, ովքեր նախօրեին հայտարարություն էին տարածել` կոչ անելով Սահմանադրական դատարանին մինչեւ օմբուդսմենի հայցով վերջնական որոշում կայացնելը կասեցնել վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը: «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի հետ հույսեր չի կապում:

«Ես ճիշտ նույնքան հույս ունեմ, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որքան հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը որոշում կընդունի մեր լրատվամիջոցների օգտին», - հայտարարեց Աբրահամյանը:

«Ժամանակ»-ի խմբագիրը այլ կարծիքի է. Արման Բաբաջանյանի խոսքով, եթե հենց օմբուդսմենն է վիճարկում օրենսդրական փոփոխությունների սահմանադրականությունը, կարելի է հավատալ, որ իշխանությունները որոշել են Կարեն Անդրեասյանի միջոցով մեղմել ստեղծված իրավիճակը:

«[Նախկինում] եթե օլիգարխը կամ որեւէ իշխանավոր որեւէ խնդիր էր ունենում, մեքենա էին վառում կամ ծեծում էին այդ խմբագրին ամենաշատը, բայց թերթը գոնե չէր փակվում: Ես մեծ հաշվով ավելի լավ է մի հատ ծեծ ուտեմ, քան այսօր թերթը կանգնի փակման առաջ», - ասաց Բաբաջանյանը:

«Ժամանակ»-ի խմբագիրը, որ հիմա Վճռաբեկ դատարանում բողոքարկում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի գործով վճիռը, ասում է, որ ամենամտահոգիչը օրենքով սահմանված տուգանքի չափերն են:

«Հիմա այդ երեք միլիոնով, որ Քոչարյանին պիտի վճարենք, վերականգնելո՞ւ ենք այդ ընտանիքի պատվիվն ու արժանապատվությունը, թե՞ ոչ. որովհետեւ հերքման պահանջ է եղել, ես երեք անգամ հերքում եմ տպել: Այդ ընտանիքի համար նույնիսկ դատարանում համաձայնեցված տեքստը բավարար չի եղել», - ասաց Բաբաջանյանը:

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն էլ շեշտում է, թե օրենսդրական այս փոփոխությունները հապճեպ կատարվեցին. - «Հաշվի չառնվեց մեր դատական պրակտիկան, որը ամենակարեւորն է, եւ հաշվի չառնվեց նաեւ մեր իշխանավորների, իշխանամերձ շրջանակների, պատգամավորների, օլիգարխների եւ մամուլի քաշային հարաբերակցությունը: Հնարավորություն տրվեց մարդկանց ոչ թե վերականգնել իրենց ազնիվ անունը, իրենց արժանապատվությունը եւ մնացածը, այլ պարզապես սնանկացնելու միջոցով վրեժ լուծել այն լրատվամիջոցներից, որոնք իրենց դուր չեն գալիս»:

please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG