Մատչելիության հղումներ

Միջնորդները վստահության ամրապնդման առաջարկներ են ներկայացրել


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Երեւան, 21-ը հոկտեմբերի, 2011թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Երեւան, 21-ը հոկտեմբերի, 2011թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պնդում են, որ երկուշաբթի օրը ավարտված տարածաշրջանային այցի շրջանակներում իրենց հաջողվել է Երեւանի, Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ սկզբունքային համաձայնություն ձեռք բերել շփման գծում արձանագրվող միջադեպերի հետաքննության հարցում: Այս մասին միջնորդները հայտարարել են երկուշաբթի երեկոյան` Բաքվում կայացած բանակցությունների ավարտին:

Համանախագահները իրենց գրավոր հայտարարությունում նշում են, որ հոկտեմբերի 21-24-ը այցելել են Երեւան, Լեռնային Ղարաբաղ եւ Բաքու, հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի, «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ»։

Միջնորդները փոխանցում են, որ կողմերի հետ հանդիպումներում ընդգծել են բանակցությունների մթնոլորտի նշանակալի բարելավման, վստահության աճի եւ հրադադարի ամրապնդման անհրաժեշտությունը` «խաղաղ կարգավորման հասնելու հարցում հետագա առաջընթաց ապահովելու համար»։

«Համանախագահները տարբեր ոլորտներում վստահության խթանման միջոցառումներին վերաբերող մի քանի առաջարկներ ներկայացրեցին։ Կողմերը սկզբունքորեն համաձայնեցին ճակատային գծում միջադեպերի քննության մեխանիզմների նախագծի շուրջ, որը համանախագահները առաջարկել են ապրիլին եւ որին նախագահներ Ալիեւը, Սարգսյանը եւ Մեդվեդեւը համաձայնել են հետամուտ լինել մարտին Սոչիում հրապարակած համատեղ հայտարարությունում», - ասված է փաստաթղթում։

Միջնորդները նշում են, որ առանձին հանդիպումներ են ունեցել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` «քննարկելու բնակչություններին արդարացի, տեւական եւ խաղաղ կարգավորման պատրաստելու անհրաժեշտությունը»։

«Հոկտեմբերի 22-ին համանախագահները ոտքով հատեցին Շփման գիծը` չորրորդ անգամ անցած տասնչորս ամիսների ընթացքում։ Անցումը կրկին վկայեց, որ Գիծը մշտական արգելապատնեշ չէ հարեւան ժողովուրդների միջեւ, եւ ցույց տվեց, որ ռազմական համակարգումը հնարավոր է բոլոր կողմերի պատրաստակամության դեպքում», - ասված է հայտարարությունում։

Համանախագահները նշում են, որ տարածաշրջան կվերադառնան նոյեմբերի վերջին` «շարունակելու աշխատանքը կողմերի հետ` վերոհիշյալ միջոցառումները զարգացնելու եւ կողմերի միջեւ հետագա հանդիպումների համար ճանապարհ հարթելու հաջորդ քայլերը որոշելու նպատակով»։

Համանախագահների այս մի այցը Բաքու աչքի է ընկել մի ուշագրավ դրվագով: Երկուշաբթի, օրվա երկրորդ կեսին, Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրադկեն այցելել են նաեւ Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի: Նրանց նպատակը, ըստ դիվանագիտական աղբյուրների, 1887-ին կառուցված այս եկեղեցու վիճակին ծանոթանալն էր:

Քանի դեռ համանախագահները Բաքվում հայտարարություն էին տարածում կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման մասին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստի ընթացքում հանդես է եկել հերթական ռազմաշունչ հայտարարությամբ:

Ավելի քան մեկ ամիս ուշացումով նա որոշել է անդրադառնալ Երեւանում սեպտեմբերի 21-ին կայացած ռազմական շքերթին` ասելով. - «Այդ շքերթը մեկ անգամ էլ վկայեց, որ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ` ֆորպոստ»։

Նույն օրը ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում հրապարակված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է. - «Տարիների ընթացքում [ղարաբաղյան խնդրի] կարգավորման շատ տարբերակներ են ի հայտ եկել` փուլային, փաթեթային, սակայն դրանցից եւ ոչ մեկը այդպես էլ չաշխատեց։ Դրանից հետո միայն բոլորը հասկացան, որ կարգավորման հիմքում պետք է դրվի փուլայինի եւ փաթեթայինի համադրումը, ինչը նախեւառաջ թույլ կտա վերացնել համակարտության ռազմական փուլի հետեւանքները»:

Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը կրկին նշել է, որ կարգավորման առաջին փուլ ասելով Բաքվում նկատի ունեն հայկական ուժերի դուրսբերումը յոթ շրջաններից։

«Հայկական զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղին հարող գրավյալ տարածքներից եզակի հնարավորություն կստեղծի մնացյալ բոլոր հարցերին լուծում գտնելու առումով: Մենք հասկանում ենք, որ հայկական կողմն իր մտահոգություններն ունի` կապված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա հստակեցման հետ, այդ իսկ պատճառով էլ ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները», - ասել է Մամեդյարովը:

Այն, որ հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ այսօր փոխադարձ վստահություն չկա, Մամեդյարովն ընդունում է:

«Հենց այդ պատճառով էլ մենք հստակ միջազգային երաշխիքներ ենք սահմանում` միջազգային խաղաղապահներ, դիտորդները։ Մեզ հաճախ մեղադրում են, թե դիպուկահարներն են կրակում։ Դիպուկահարները, սակայն, օդից չեն ընկել, նրանք այնտեղ են, որտեղ հայկական ուժերն են։ Հայկական զորքերը եթե դուրս բերվեն, դիպուկահարներն էլ որեւէ մեկի վրա չեն կրակի», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG