Մատչելիության հղումներ

Ատոմակայանի աշխատողների աշխատավարձը 10 տոկոսով կբարձրանա


Մեծամորի ատոմակայանի կառավարման վահանակը
Մեծամորի ատոմակայանի կառավարման վահանակը
Մեծամորի ատոմակայանի աշխատողները երկուշաբթի օրը ընդունեցին էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի` աշխատավարձը 50-ի փոխարեն 10 տոկոսով բարձրացնելու առաջարկը:

Նախարար Արմեն Մովսիսյանը ատոմակայանի աշխատողների հետ առավոտյան հանդիպման ընթացքում նրանց առաջարկել էր բարձրացնել աշխատավարձը 10 տոկոսով ոչ թե վաճառվող էներգիայից գոյացած գումարների, այլ ատոմակայանի ծախսերի օպտիմալացման հաշվին: Ատոմակայանի աշխատողները, երկար քննարկելով այս առաջարկը, ի վերջո համաձայնեցին:

Ատոմակայանի էլեկտրական արտադրամասի աշխատակից Կարեն Կարապետյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ավելի ուշ քննարկումների արդյունքում որոշեցին ընդունել նախարարի առաջարկն ու գնալ աշխատանքի. - «Չկա մեկը, ով չհամաձայնելով` որոշել է դուրս մնալ աշխատանքից»,- ասաց նա:

«Դե մի նենց շեդրի առաջարկ չէր, բայց այս պահին լարվածությունը թուլացնելու համար ընդունեցինք», - ասաց Կարապետյանը:

Նախարարն անցած շաբաթվա վերջին մերժել էր աշխատողների ու ատոմակայանի տնօրինության` բանակցությունների արդյունքում ստացված համաձայնությունը (բանակցությունների արդյունքում նրանք որոշել էին 20-30 տոկոսով բարձրացնել աշխատավարձը ատոմակայանի ներքին ռեսուրսների հաշվին):

Մեկ ամիս առաջ ատոմակայանի շուրջ 160 աշխատողներ (ատոմակայանի ընդհանուր աշխատողների թիվը հասնում է 1720-ի) աշխատանքից ազատման դիմում էին գրել` պահանջելով 50 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձը` վերջին շրջանում արձանագրվող գնաճի հետեւանքները մեղմելու համար: Տնօրինությունը դիմումները չէր բավարարել, ու համաձայն աշխատանքային օրենսդրության` դիմումը ներկայացնելուց 30 օր հետո դրանք մեխանիկորեն համարվել էին բավարարաված: 30 օրը լրանալուց հետո տնօրենը դիմողների մեծ մասին դիմումները բավարարել էր:

Այժմ ազատման դիմումներ գրած անձինք աշխատանքի ընդունման նոր դիմում են գրելու: Դրանք ատոմակայանի հիմնական արտադրամասերի աշխատողներին էին, առանց որոնց ատոմակայանը շահագործել հնարավոր չէ:

Մեծամորի ատոմակայանը, որը հոկտեմբերի 22-ից արդեն պետք է անցներ աշխատանքային ռեժիմի, փաստորեն աշխատողների բոյկոտի պատճառով շարունակել է դադարը: Սեպտեմբերի 5-ից ատոմակայանը 46 օր տեւող պլանային վերանորոգման մեջ էր:

«Հայատոմ» ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «եթե հնարավոր լիներ առանց այդ մարդկանց թողարկել կայանը, կգնային թողարկման»:

«Աննախադեպ երեւույթ է, ես նման բան չեմ հիշում ու դա կարող էր բերել շատ վատ հետեւանքների: Եթե չկարողանային ժամանակին համալրել այդ հերթափոխերը, ատոմակայանը շահագործել չէր լինի: Ատոմակայանը ամեն օր բերում է մեծ գումարներ, երբ այն կանգնած է, արտադրողից եւ օգուտ բերողից մինագամից դառնում է սպառող», - ասաց Պետրոսյանը:

Այժմ կայանում ընթանում են փորձարկումներ, որից հետո ատոմակայանը կմիանա համակարգին:

please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG