Մատչելիության հղումներ

Էներգետիկայի նախարարությունը չի բարձրացրել ԱԷԿ-ի աշխատողների աշխատավարձերը


Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը մերժեց 20-30 տոկոսով բարձրացնել Մեծամորի ատոմակայանի աշխատողների աշխատավարձերը: Նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ չնայած դրան, քննարկումներն այս խնդրի շուրջ ավարտված չեն, ու խնդրի հանգուցալուծումը կերեւա առաջիկա օրերին:

Ատոմակայանի շուրջ 160 աշխատողներ դեռեւս մեկ ամիս առաջ աշխատանքից ազատման դիմում էին գրել` պահանջելով իրենց աշխատավարձը 50 տոկոսով բարձրացնել: Ատոմակայանի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը դիմումները չէր բավարարել: Իսկ սա նշանակում է, որ դիմում գրելու 30 օրը լրանալուն պես դրանք մեխանիկորեն համարվում են բավարարված: 30 օրը լրացել է երեկ:

Այսօր վաղ առավոտից արդեն աշխատանքից մեխանիկորեն ազատված աշխատողները տնօրինության հետ բուռն քննարկումներից հետո եկել էին համաձայնության` 50 տոկոսի փոխարեն աշխատավարձը բարձրացնել 20-30 տոկոսով: Սակայն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը այս համաձայնությունը չկիսեց: Ատոմակայանի արդեն նախկին աշխատողներից մեկն, ով չցանկացավ իր անունը հրապարակել, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ համաձայնության չկայացման մեղավորը նախարարությունն է, որը «ջուրը գցեց ողջ օրվա բանակցությունները»:

«Իրենք խոչընդոտեցին այդ գործընթացը… տնօրենը համաձայն էր, բայց էներգետիկայի նախարարությունը վետո դրեց տնօրենի տարբերակին, առաջարկեց 10 տոկոս բարձրացում` այն էլ հունվարին, մենք էլ, բնականաբար, չհամաձայնվեցինք», - ասաց ատոմակայանի նախկին աշխատակիցը:

Առավոտյան տնօրինությունը բավարարել էր շուրջ 20 աշխատողի դիմումները, ինչից հետո կասեցրել այս գործընթացը` ընդհանուր եզրահանգման գալու նպատակով: Աշխատավարձերը 20-30 տոկոսով բարձրացնելու տնօրինության առաջարկի հետ աշխատողները համաձայնել էին:

«Վերահաշվարկ արեցին, որ ատոմակայանի ներքին ռեզերվի հաշվին հնարավոր է 25-30 տոկոսով բարձ աշխատավարձ տալ պերսոնալին, բայց նախարարն արգելեց», - ասաց ներկայանալ չցանկացող աշխատակիցը:

Ատոմակայանի աշխատողներն ասում են, որ նախարարության մերժումից հետո, իրենք չհամաձայնելով մինչեւ 10 տոկոսով աշխատավարձերի բարձրացման առաջարկին, այլեւս աշխատանքի չեն գնա. - «Էսօրվանից հետո ինչ ուզում են թող անեն, մեզ հետաքրքիր չէ»:

Աշխատավարձերի բարձրացման պահանջին է միացել եւս 500 աշխատող: Նրանք, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արդեն նախկին աշխատողը, նամակով իրենց համաձայնությունն են հայտնել գործընկերների պահանջին: Աշխատանքից ազատման մասին դիմումներ այս 500 աշխատողները դեռեւս չեն ներկայացրել:

Մեծամորի ատոմակայանը, որը Հայաստանի կառավարությունը մինչեւ 2013 թվականը շահագործման է հանձնել ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը, աշխատավարձերը վճարում է էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած գումարից: Ըստ պաշտոնական տվյալների` միջին աշխատավարձը ատոմակայանում կազմում է 277 500 դրամ: Մինչդեռ աշխատողները «Ազատություն» ռադիոկայանին ասում էին, թե այս չափն իրականության հետ չի համապատասխանում:

«Միջին աշխատավարձը 210 հազար դրամ է», - պնդեցին նրանք:

Ատոմակայանի տնօրինությունը չի ասում, թե ովքեր կփոխարինեն արդեն նախկին աշխատողներին: Տնօրինությունը նաեւ չի անդրադառնում այն խնդրին, թե ինչպես կազդի ատոմակայանի անվտանգության վրա աշխատողների համատարած հեռացումը:

please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG