Մատչելիության հղումներ

Վարդգես Գասպարին գրավի դիմաց ազատ կարձակվի


Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ցույցի ժամանակ, 20-ը հոկտեմբերի, 2011թ․
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ցույցի ժամանակ, 20-ը հոկտեմբերի, 2011թ․
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը այսօր շուրջ չորս ժամ տեւած նիստի արդյունքում որոշեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին ազատ արձակել 800 հազար դրամ (մոտ 2 հազար 150 դոլար) գրավի դիմաց։

Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնի քննիչը միջնորդել էր Գասպարիի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։ Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը, սակայն բավարարեց նաեւ Գասպարիի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը գրավի դիմաց նրան արձակելու մասին։

Փաստաբան Շուշանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դատարանի որոշումը իրենց չի բավարարում միայն երկամսյա կալանքի մասով, եւ իրենք պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո պատրաստվում են բողոքարկել այն։

Դատարանի շենքի մոտ հավաքվել էին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները եւ վանկարկումներով իրենց զորակցությունն էին հայտնում Գասպարիին։ Նրանց թվում էին Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ այլոք։

Գասպարին ազատ կարձակվի գրավի մուծման անդորրագիրը ներկայացնելուց անմիջապես հետո։ Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ նա երկուշաբթի օրը արդեն ազատության մեջ կլինի եւ կմասնակցի հաջորդ ուրբաթ կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին։

Վարդգես Գասպարին ձերբակալվել է հինգշաբթի օրը` բանակում զոհված զինծառայողների ծնողների եւ «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ կապված միջադեպի առնչությամբ, խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։


Էլինա Չիլինգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG