Մատչելիության հղումներ

Հայաստանը «պատմական» է գնահատում ազատ առեւտրային գոտի ստեղծելու համաձայնագիրը


Անկախ պետությունների համագործակցության անդամ 8 երկրների միջեւ ստորագրված՝ ազատ առեւտրի գոտի ստեղծելու համաձայնագիրը, վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով, պատմական նշանակության փաստաթուղթ է։

«Այդ համաձայնությունը Հայաստանի տնտեսության եւ տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է բացառիկ հնարավորություններ։ Առաջին, առանց մաքսատուրքերի մենք հնարավորություն ենք ունենալու աշխատել այն 8 պետությունների հետ, որոնք ստորագրել են այս համաձայնագիրը։ Երկրորդ, ստեղծվում են միասնական կանոններ՝ լիցենզավորման, կվոտավորման եւ այդ միասնական կանոնները այդ փաստաթղթում հաստատված են եւ որեւիցե երկիր այլեւս միակողմանի չի կարող սահմանափակումներ ստեղծել այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար», - հինգշաբթի օրը կառավարության նիստում նշեց Տիգրան Սարգսյանը։

Ըստ վարչապետի, համաձայնագիրն ունի նաեւ մեկ այլ կարեւոր առանձնահատկություն․ - «Այս փաստաթուղթը կազմված է Առեւտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա եւ ֆիքսված է, որ տարեցտարի այն սահմանափակումները, որոնք դեռեւս պահպանվում էին այս համաձայնագրի շրջանակներում կցված անցումային դրույթներով, այդ բոլոր սահմանափակումները փուլ առ փուլ նվազեցվելու են»։

Կառավարության ղեկավարի խոսքով, համաձայնագրով բարելավվում է Հայաստանի տնտեսական ռեժիմը՝ որովհետեւ նախկինում գործող երկկողմանի համաձայնություններում գոյություն ունեցող սահմանափակումների թիվը շուրջ 600-ով նվազում է։

«Մեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ այդ միասնական տնտեսական տարածքում իրացնելու ապրանքներ եւ ծառայություններ, եւ սա լրացուցիչ խթան է լինելու մեր տնտեսական կարողությունների զարգացման համար», - պարզաբանեց Տիգրան Սարգսյանը։

Սա արտահանման խթանմանն ուղղված եւս մեկ քայլ է, ասում է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, դա արտահանման խթանմանն ուղղված եւս մեկ քայլ է։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «Ինչպե՞ս կբացատրեք, որ ԱՊՀ անդամ 3 երկրներ՝ Ուզբեկստանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը չեն ստորագրել համաձայնագիրը», էկոնոմիկայի նախարարը պատասխանեց․ - «Այդ գործընթացը շարունակվելու է, եւ համաձայնագիրը բաց է լրացուցիչ անդամակցության համար եւ կարծում եմ, որ այդ երեք երկրներն էլ, որոշակի քննարկումներից հետո նույնպես կմիանան, որովհետեւ դա նորմալ միջազգային ձեւաչափ է, տարածաշրջանային համագործակցության մի ձեւաչափ է, որը կիրառվում է թե՛ Եվրոպական Միությունում, թե՛ Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեքսիկայի շրջանակներում, եւ ուրախալի է, որ մենք վերջնական այս համաձայնությանը եկանք»։

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ շուրջ 2 տասնամյակ շարունակված բանակցություններից հետո ԱՊՀ-ի 8 երկրները, այդ թվում՝ Հայաստանի վարչապետը, «իրենց համար անսպասելիորեն» համաձայնեցին պայմանագիր կնքել ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ։

«Ինչո՞վ էր պայմանավորված անակնկալը» հարցին նախարարը պատասխանեց․ - «Անակնկալ էր այն առումով, որ նախատեսվում էր առաջիկա ամիսներին ավարտել, բայց բավականին ինտենսիվ աշխատեցինք Պետերբուրգում եւ փաստորեն պատրաստ եղավ»։

«Մինչ օրս եղե՞լ են հանրային քննարկումներ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ հայաստանյան շահագրգիռ ոլորտներում» հարցին Տիգրան Դավթյանը արձագանքեց․ - «Քննարկումները մենք գործարարների, բիզնեսի հետ իրականացրել ենք եւ բոլորը կողմնակից են դրան, որովհետեւ մեզ համար արտահանման լավ հնարավորություն էր բացում եւ ազատ առեւտրի ռեժիմով մենք արդեն 15 տարի այդ երկրների հետ աշխատում ենք․ այս ռեժիմով, որը ուղղակի ֆիքսվեց որպես բազմակողմ»։

please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG