Մատչելիության հղումներ

Երեւանում կանցկացվի ԱՊՀ-ի երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը


ԱՊՀ-ի երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կանցկացվի Երեւանում հոկտեմբերի 28-29-ը: Այդ մասին հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հավելելով, որ նման որոշում է ընդունվել Խորհրդի` մայիսին Հելսինկիում կայացած նախորդ նիստի ժամանակ:

Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին` միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար:

Խորհրդի անդամներն են` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան եւ Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքներով Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաեւ Լիտվան եւ Էստոնիան: Խորհրդում դիտորդի կարգավիճակ ունի Երկաթուղու աշխատողների եւ տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:

Երեւանյան նիստի ժամանակ Խորհրդի անդամները նախատեսում են, մասնավորապես, քննարկել գնացքների երթեւեկության նորմատիվները 2012-2013 թվականների համար, երկաթուղային ադմինիստրացիաների միջեւ փոխադարձ հաշվարկների կարգը, միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG