Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 20-ի մամուլ


«Երկիր»-ը զրուցել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հավանակա՞ն է, որ այսօր էլ, ինչպես դա եղավ փետրվարին, «Բարգավաճ Հայաստան»-ին ստորագրել կոալիցիոն հուշագիր»: Թեւանյանը պատասխանում է. - «Այն ժամանակ իրավիճակն այլ էր. ՀԱԿ-ը, որ հսկայական զանգվածներ ուներ իր հետեւում, փաստացի աջակցեց Սերժ Սարգսյանին, եւ ԲՀԿ-ին այլ բան չէր մնում, քան մի պահ ետ քաշվել` կարողանալու համար դիմագրավել փողոցի եւ վարչական ապարատի հարձակումները: Այսօր իրավիճակն այլ է. Տեր-Պետրոսյանն այլեւս այն զանգվածը չունի, իսկ իշխանության վարած քաղաքականությունն էլ ավելի է վարկաբեկվել: Փոխարենը, ԲՀԿ-ն այդ ընթացքում կարողացել է հաղթահարել այն շոկը, որն առաջացավ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո, եւ եթե հանկարծ ԲՀԿ-ի հանդեպ որեւէ ճնշում կիրառվի, ապա դա հակառակ էֆեկտը կտա: Կարծում եմ, որ եթե նման խնդիր դրվի` կոալիցիոն նոր հուշագրի, ապա ԲՀԿ-ն չի միանա դրան եւ առանձին կգնա, այլապես դա քաղաքական ինքնասպանություն կլինի»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Չնայած ՀԱԿ-ը բազմիցս հայտարարել է, որ անիմաստ է համարում ՀԱԿ-իշխանություն երկխոսության շարունակությունը, կոալիցիան համարյա կուրորեն հավատում է երկխոսության շարունակմանը: Երեկ, երբ մեր թղթակիցը դիմել է ՀՀԿ-ի կողմից երկխոսության մասնակից Գագիկ Մինասյանին եւ փորձել ծանոթանալ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին ՀԱԿ-ի ներկայացրած հսկայածավալ փաստաթղթին կոալիցիայի ներկայացրած հակընդդեմ 135 էջանոց հիմնավորումներին, վերջինս հայտարարել է, թե ձեւաչափ կա, եւ իրենք չեն ուզում խախտել այն, քանի որ դեռ հիմնավորումների կեսն են ներկայացրել ՀԱԿ պատվիրակությանը: Ուստի այն, թե ինչու, ըստ իշխանության, արտահերթ ընտրություններ չպետք է անցկացվեն ՀՀ-ում, անորոշ ժամանակ գաղտնի է պահվում: ՀՀԿ ներկայացուցիչը մեծ հավատով ասել է, որ իրենք չեն բացառում առկախված երկխոսության վերսկսումը: Ամեն դեպքում անհասկանալի է, թե ինչու են կոալիցիայի մշակած փաստաթուղթը գաղտնի պահում: Ի վերջո՝ ՀԱԿ հարցադրումները հնչել են, եւ եթե ի պատասխան դրանց իշխանությունն ասելիք ուներ, պետք է վաղուց հրապարակած լիներ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ամեն օր նոր երանգներ են ստանում բանակում տեղի ունեցող իրադարձությունների մասին քննարկումները: Բոլորովին վերջերս հրապարակ նետվեց այն տեսակետը, թե պետք է հարցերի պատասխանները ակնկալել ոչ թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, այլ Զինված ուժերի շտաբի պետ Յուրի Խաչատուրովից: «Սեյրան Օհանյանը քաղաքականության մշակողն է, իսկ Յուրի Խաչատուրովը այն իրականացնողը. հենց նա է պատասխանատու զորամասերում ստեղծված անառողջ իրավիճակի համար». Այս տեսակետն է այսօր գերակա պաշտպանության նախարարության գրեթե բոլոր ստորաբաժանումներում: Խաչատուրովի անձը կրկին «ակտուալ» է դարձել ու կրկին` ողբերգական իրադարձությունների ֆոնին»:

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը, ով ժամանել է Հայաստան, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե իր` Հայաստան կատարած այցը ցույց է տալիս, թե որքան կարեւոր առաջնահերթություն է Հայաստանն ԱՄՆ համար: Երբ այդ իրողությունը փորձում ենք համադրել նաեւ Նիկոլա Սարկոզիի հայաստանյան այցին ու դրանից հետո էլ Հայաստանի նախագահին ու արտգործնախարարին գրած նամակներին, ապա ակնհայտ է դառնում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի արեւմտյան երկու համանախագահ երկրները վերջին շրջանում որքան մեծ կարեւորություն են սկսել տալ Հայաստանի հետ հարաբերությանը, սկսել են մեծ ուշադրություն դրսեւորել Հայաստանի հանդեպ:
Ի՞նչն է խնդիրը: Արդյո՞ք դա կապված է Սերժ Սարգսյանի առաջիկա մոսկովյան այցի հետ: Բանն այն է, որ այդ ուղղությամբ իսկապես լուրջ զարգացումներ են նախանշվում, քանի որ նախագահական պաշտոնին վերատիրացող Պուտինը նաեւ որոշել է վերականգնել Խորհրդային Միությունը` թեկուզ ուրիշ անունով ու կառուցվածքով»:

«Առավոտ»-ի լրագրողը արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին հարցնում է. «Պատվի, արժանապատվության եւ բարի համբավի պաշտպանության իրավակիրառական պրակտիկան դարձել է նաեւ այդ օրինագծի հեղինակի` Մարդու իրավունքների պաշտպանի քննադատության թիրախը: Ըստ Ձեզ` կոնկրետ ո՞վ պետք է պատասխան տա ստեղծված իրավիճակի համար եւ ի՞նչ է պետք անել մամուլին սնանկացնելու գործընթացը բացառելու ուղղությամբ»: Դանիելյանը պատասխանում է. - «Բնականաբար, կարելի է որոշ թերություններ հայտնաբերել օրենսդրությունում, կարելի է ոչ այնքան հիմնավորված համարել նաեւ իրավակիրառ պրակտիկան եւ այլն: Սակայն գլխավոր խնդիրը բարոյահոգեբանական մթնոլորտն է: Եթե հաջողվի անգամ սեղմ ժամկետում օրենսդրությունը դարձնել լավագույնը, միեւնույն է, մենք չենք հաղթահարի բոլոր խոչընդոտները, քանի դեռ չենք ձեւավորել քաղաքակիրթ եւ մասնագիտական բարձր որակավորմանը նախապատվություն տալու միտումները»:

please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG