Մատչելիության հղումներ

Լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 2 տարին


Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը Ցյուրիխում, 10-ը հոկտեմբերի, 2009թ․
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը Ցյուրիխում, 10-ը հոկտեմբերի, 2009թ․
Այսօր` ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից երկու տարի անց, կարելի է փաստել, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացը դե ֆակտո մեռած է, սակայն դե յուրե դեռեւս շարունակում է գոյություն ունենալ, ինչը, ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի, Թուրքիային հնարավորություն է տալիս միջազգային տարբեր բեմահարթակներում իր շահերին ծառայեցնել այդ հանգամանքը:

Շաքարյանը այսօր հանրության դատին ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների նորագույն պատմությանը նվիրված «Արարատից այն կողմ» իր աշխատությունը:

Ըստ թուրքագետի, Թուրքիան, պնդելով, որ այդ փաստաթղթերը դեռ կյանքի իրավունք ունեն, Արեւմուտքի երկրներին, ըստ էության, կոչ է անում խիստ քայլեր չձեռնարկել Անկարայի նկատմամբ:

«Որովհետեւ դրանով նրանք [Արեւմուտքի երկրները] կխաթարեն հայ-թուրքական գործընթացի հնարավոր ընթացքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց Շաքարյանը` համաձայնելով դիտարկմանը, որ այդ չվավերացված արձանագրությունները Թուրքիային պետք են բացառապես Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու համար:

«Դա թուրքական քաղաքականության չէ, դա ընդհանուր արեւելյալ քաղաքականություն է: Եթե մենք նայենք Թուրքիայի, Իրանի արտաքին քաղաքականությունը, ապա նրանք օգտագործում են ձգձգման մարտավարություն: Այսինքն` նրանց պետք է գործընթացը, որի ընթացքում կստանան իրենց դիվիդենտները, ինչը հոյակապ կերպով անում է Անկարան», - հավելեց նա:

Շաքարյանը, այդուհանդերձ, չի կիսում մի շարք քաղաքական գործիչները կարծիքը, թե Երեւանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունը` նշելով, որ այժմ դա անելու «ամենահարմար պահը չէ». - «Երկամյակի հոբելյանը կարելի էր օգտագործել շատ մեծ աղմուկով հետ վերցնելու համար: Ցավոք սրտի, Թուրքիան հենց վերջերս կրկին անգամ արձանագրությունները մտցրեց խորհրդարան, եւ այդ ֆոնի վրա մեր հետքայլը այդքան էլ դրական չէր մեկնաբանվի, եւ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր առաջխաղացման բացակայությունը Անկարան կվերագրեր Հայաստանին»:

Նրա խոսքով, լավ կլիներ, որ հայկական կողմը, որը, հիշեցնենք, կասեցրել է արձանագրությունների վավերացման գործընթացը, վերջնական հստակեցում մտցներ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս ընթացքի մեջ, սակայն, հարկ է, որ առավելագույնս ճշգրիտ հաշվարկվի, թե երբ նման կտրուկ քայլը օգտակար կլինի Երեւանի համար:

Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ, մինչդեռ, արձանագրությունների վրայից այսօր ստորագրությունները հետ վերցնելը սկզբունքային նշանակություն չունի. էականը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա, մերձեցման գործընթացն էր, որը պետք է հիմնվեր այդ փաստաթղթերի վրա: Այժմ չկա գործընթաց, հետեւաբար ստորագրությունների առկայության կամ բացակայության հարցը որեւէ նշանակություն չունի:

«Բայց չի կարելի բացառել, որ հետագայում հնարավորություններ ստեղծվեն նորից վերսկսել բանակցային գործընթացը կամ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Վերջ ի վերջո, պետք է ե'ւ մենք ձգտենք, ե'ւ թուրքերն էլ, համոզված եմ, կհասկանան, որ ամենակարեւոր քայլը հարաբերությունների կարգավորման համար, առաջին հերթին, Թուրքիայի կողմից առանց որեւիցե նախապայմանի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է», - թուրքագետը:

Իսկ առայժմ, նրա խոսքով, կարելի է միայն փաստել, որ վերջին երկու տարիներին թուրքական կողմը ցույց տվեց, որ դեռեւս չի ցանկանում կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները եւ հակված է շարունակել Հայաստանի հանդեպ վերջին 20 տարիներին որդեգրած ճնշումների ու հարկադրանքի քաղաքականությունը:

Այդուհանդերձ, Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան Հայաստանից ոչ պակաս է շահագրգիռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, քանի որ Հարավային Կովկասում որոշակի աշխարհաքաղաքական շահեր ունի: Սակայն հիմա, երբ Անկարայի ուշադրությունը կենտրոնացած է Մերձավոր ու Միջին Արեւելքի վրա, այդ հարցը Թուրքիայի համար դեռեւս առաջնահերթ չէ:

Հարցին, թե ինչ շահեց ու ինչ կորցրեց Հայաստանը այս գործընթացում, Ռուբեն Սաֆրաստյանը արձագանքեց, թե Հայաստանը, անշուշտ, մեծ գին վճարեց` մտնելով այդ գործընթացի մեջ` նկատի ունենալով Սփյուռքի հետ հարաբերությունները. - «Բայց նաեւ ընդհանուր դիվանագիտական, աշխարհաքաղաքական առումով, ես կարծում եմ, մենք չկորցրեցինք»:

Օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր. - «2008 թվականին այս նույն ամբիոնից հույս էի հայտնել, որ մեր կողմից նախաձեռնած Հայաստան - Թուրքիա գործընթացը եւ, որպես առաջին քայլ` դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքին անհարիր կերպով փակված սահմանի բացումը հնարավորություն կընձեռեին սկսել երկխոսություն, վերացնել մեր մեջ առկա անվստահության, կասկածանքի եւ անորոշության մթնոլորտը: Ու թեւ մեր նախաձեռնությունը ողջունվեց ու լայն աջակցություն գտավ միջազգային հանրության կողմից, 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումը ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից»:
please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG