Մատչելիության հղումներ

Հայաստանում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը


Հայաստանում է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պետական դումայի պատգամավոր Ժորես Ալֆյորովը։

Այսօր ընդունելով նշանավոր գիտնականին` նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ - ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում: «Հուսով եմ, որ հարուստ պատմություն եւ ավանդույթներ ունեցող այդ համագործակցությունը հիմք կդառնա նոր գիտական ձեռքբերումների` ի շահ համայն մարդկության եւ մեր երկու բարեկամ ժողովուրդների», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ասել է Սարգսյանը` նաեւ շնորհավորելով ռուսաստանցի գիտնականին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխանցմամբ` Ակադեմիայի նախագահությունը Ալֆյորովին պատվավոր ակադեմիկոսի կոչում է շնորհել եւ դիպլոմ հանձնել այսօր։

Ռուսաստանցի գիտնականը հավանություն է տվել հայ գիտնականների առաջարկին` Հայաստանում բացել Ալֆյորովի գիտական հիմնադրամի մասնաճյուղ:

Վաղը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (Աշտարակ) տեղի ունենալիք «Լազերային ֆիզիկա 2011» միջազգային գիտաժողովում Ժորես Ալֆյորովը հանդես կգա ելույթով, նույն օրը դասախոսություն կկարդա Հայ - ռուսական սլավոնական համալսարանում:

Ժորես Ալֆյորովը Նոբելյան մրցանակի է արժանացել 2000 թվականին` կիսահաղորդչային հետերկառուցվածքների եւ արագագործ օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG