Մատչելիության հղումներ

Սողանքի գոտում հայտնաբերվել են երկու եղբայրների դիակները


Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում այսօր ժամը 11.00-ի դրությամբ հայտնաբերվել են անհետ կորածների ցուցակում նշվող 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը, որոնք ժամը 11.20-ին տեղափոխվել են դիարան:

Անհետ կորածների ցուցակում այս պահին նշվում է երեք անուն` Լճկաձոր գյուղի 72-ամյա բնակիչ Նորիկ Միրզոյան, Վրաստանի քաղաքացիներ` 19-ամյա Արթուր Հակոբյան եւ 62-ամյա Գուրգեն Հակոբյան։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` մինչ օրս փրկարարները պաշտպանության նախարարության ուղղաթիռի եւ քարշակի, ինչպես նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» շարժական կռունկի օգնությամբ հողազանգվածից դուրս են բերել տարբեր մակնիշի ու բեռնատարողության 25 ավտոմեքենաներ:

Սողանքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր - Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում): Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, սողանքի տակ էին մնացել շուրջ 35 մեքենաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG