Մատչելիության հղումներ

Երեւանում կայացավ հայ - քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը


Երեւանում այսօր կայացել է հայ - քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի համանախագահությամբ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության վարչության փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվել են տնտեսական, առեւտրի, ներդրումների, գիտատեխնիկական, կրթական եւ մշակութային ոլորտներում երկկողմ գործակցության ներկայիս ընթացքը եւ զարգացման հեռանկարները, կարեւորվել է առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը:

Քննարկումների արդյունքում Հայաստանի եւ Քուվեյթի կառավարությունների միջեւ ստորագրվել է օդային հաղորդակցության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը:

Եռօրյա այցով Հայաստան ժամանած Քուվեյթի ֆինանսների նախարարին այսօր ընդունել են վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Վարչապետը հանդիպման ժամանակ ասել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության գերակայություններից է։ «Տնտեսական համագործակցության առումով մենք ունենք մեծ չիրացված ներուժ», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է եղել տնտեսության մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին:

Շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում, եւ դրա համար անհրաժեշտություն կա ծանոթանալու երկրի ներդրումային հնարավորություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG