Մատչելիության հղումներ

Քննարկվում է Երեւանի ճշգրտված գլխավոր հատակագիծը


Երեւանի գլխավոր հատակագծի քննարկումը:
Երեւանի գլխավոր հատակագծի քննարկումը:

Երեւանի գլխավոր հատակագծում 2010 թվականից սկսված ճշգրտումներն արդեն ավարտված են: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ նախագիծն այսօր քննարկեցին տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնագետները:

«Երեւաննախագիծ» ինստիտուտի գլխավոր հատակագծի բաժնի ղեկավար, նախագծի ճարտարապետ Պետրոս Սողոմոնյանը թվարկեց մայրաքաղաքի գլխավոր հատակագծում ճշգրտումներ կատարելու հիմնավորումները` մայրաքաղաքի բնակչության թվաքանակի, սահմանների, որոշակի հողատարածքների կատեգորիաների, Երեւան քաղաքի կարգավիճակի եւ նրա վարչատարածքային կառուցվածքի փոփոխությունները, վարչական շրջանների եւ առանձին հատվածների գոտիավորման հաստատված նախագծերի մասնակի անհամապատասխանությունները Երեւանի գլխավոր հատակագծին:

Սողոմանյանը նշեց, որ գործոններից մեկն էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամն է. - «Ճգնաժամի պատճառով շինարարությունը նվազեց, փոփոխվեց հարկայնությունը, միեւնույն ժամանակ, տեղի ունեցավ բնակչության բնական խտության նվազում, փոփոխվեցին չափորոշիչները, որոնք չհամապատասխանեցին գլխավոր հատակագծին»:

Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչ գոտու ավելացմանը` ճարտարապետը նշեց դրա հիմնական խնդիրը. - «Կանաչ գոտին Երեւանում անհավասարաչափ է բաշխված: Սա պետք է շտկվի, դա մեծ քաղաքացիական, սոցիալական խնդիր է: Գլխավոր հատակագիծը լուծում է այդ խնդիրը, բայց լուծում է ծայրամասերի կանաչապատման հաշվին»:

Սողոմոնյանը չհստակեցրեց, թե ինչու հնարավոր չէ Երեւանի կենտրոնում ավելացնել կանաչ գոտին:

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովայի հարցին, թե արդյոք գլխավոր հատակագծում կատարված ճշգրտումնեւրը լուծում են կենտրոնի խիտ կառուցապատման խնդիրը, «Երեւաննախագիծ» ինստիտուտի գործադիր տնօրեն Սիրեկան Օհանյանը պատասխանեց, թե գլխավոր հատակագիծը սահմանում է ընդհանուր խտությունները` հավելելով. - «Ներկայումս Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, կարծեմ ճապոնական գործընկերների հետ միասին, մշակվում են քաղաքի անվտանգության պաշտպանության խնդիրները: Ըստ էության, ձեր ասած քաղաքաշինական անվտանգության խնդիրները պարտադիր պետք է տեղ գտնեն, որովհետեւ վաղուց ժամանակն է, որպեսզի մենք դրանով զբաղվենք»:

Քննարկման մասնակիցներից Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը նշեց, թե իրենց առաջարկությունները կապված սեյսմիկ ռիսկի քարտեզի հետ «Երեւաննախագիծ»-ը գլխավոր հատակագծի նախագծում չի ներառել:

«Եթե մենք խտացնում ենք մեր կառուցապատումը, ուրեմն բարձրացնում ենք ռիսկի գործոնը: Մենք ունենք նոր կառուցվող բարձրահարկ, որը սեյսմակայուն է, բայց, ցավոք, կողքի շենքը սեյսմակայուն չէ: Այսինքն` ռիսկի գործոնը բարձրանում է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խլղաթյանը:

«Երեւաննախագծի» ներկայացուցիչները, մինչդեռ, պնդում էին, թե Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է իր մշակած առաջարկները ներկայացներ ինստիտուտի մասնագետներին:

Նոր գլխավոր հատակագծի մշակումը սկսվել է 2001 թվականին, ավարտվել` 2005-ին: 2006-ին արդեն Հայստանի կառավարությունը հաստատել է գլխավոր հատակագծի 2006-2020 թվականների իրականացման հիմնական միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում էլ կատարվել են ճշգրտումները: Դրանք կատարելու համար Երեւանի քաղաքապետարանը 110 միլիոն դրամ է հատկացրել «Երեւաննախագիծ» ինստիտուտին:
please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG