Մատչելիության հղումներ

Անարգել տեղաշարժ` իրավունք բոլորի համար


Լուսանկարները ներկայացնում են տվյալ ոլորտում ՀՀ անկախ պետականության 20 տարվա ձեռքբերումներն ու առկա խնդիրները:

Կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը, խոսելով ձեռքբերումներից, նշեց, որ այժմ կարողանում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, ինչը չէին կարողանում անել խորհրդային տարիներին, նաեւ` որոշ վայրեր դարձել են հասանելի, սակայն կատարված քայլերը շատ քիչ են եւ արդյունքում հաշմանդամի կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել:

Անարգել միջավայրի ապահովման անհրաժեշտության մասին հասարակական կազմակերպությունները պարբերաբար հիշեցնում են, կազմակերպում տարբեր միջոցառումներ, սակայն արդյումքը դեռեւս տեսանելի չէ.- «Այսօր մեր երկրում լուծված չեն հաշմանդամների տեղաշարժման հարցերը, շատ հանրային նշանակության հաստատություններ հարմարեցված չեն հաշմանդամների մուտքի համար` նույնիսկ նորակառույցները, օրենքներն էլ միայն թղթի վրա են մնում: Ես չեմ մասնակցում մի շարք միջոցառումների թեքահարթակների բացակայության պատճառով, ինչ հաճույք պետք է ստանամ կինո նայելուց, եթե ինձ գրկած պետք է մոտ 100 աստիճան բարձրացնեն` դահլիճ հասնելու համար»:

Հարմարեցված չեն նաեւ առեւտրի կենտրոնները, մթերային եւ հագուստի խանութները:

Վիճակն առավել բարդ է հատկապես մարզերում: Տեղաշարժման խնդիրներ ունեցող Ապավեն Բելգարյանը բնակվում է Մեղրիում: Ըստ նրա, եթե այստեղ հաշմանդամն ինչ-որ բան կարող է անել, ապա շրջանների դեպքում դա անհնար է:Հանրային, պետական հաստատությունները անհասանելի են, իսկ աշխատանքի մասին խոսելն ավելորդ է. - «Վիճակն ահավոր է: Աշխատանք չկա, իսկ թոշակի հույսին ապրելը շատ դժվար է»:

Անկախության 20 տարիները Մարինե Թորոսյանի կյանքում եւս ոչինիչ չփոխեցին, խնդիրները, որոնք կային նախկինում հիմա էլ արդիական են:

«Տարիներ առաջ թոշակս 3000 դրամ էր, հետո դարձավ 7000, հետո 16 000, սակայն ինչ կարելի է անել այդ գումարով, ինչպես գոյատեւել մեկ ամիս», - ասաց Թորոսյանը:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը անդրադարձավ նաեւ տրանսպորտի խնդրին: Այսօր բացարձակապես չունենք հաշմանդամների համար հարմարեցված ավտոբուսներ, երթուղային տաքսիներ. - «Քաղաքապետարանից խոստացել են, որ մինչեւ տարեվերջ կունենանք հաշմանդամների համար նախատեսված 20 ավտոբուս, սակայն խնդիրներն իհարկե սրանով չեն լուծվի»:
XS
SM
MD
LG