Մատչելիության հղումներ

Միգրացիոն ծառայության պետը «ահագնացող արտագաղթ» որակումը իրավիճակին համահունչ չի համարում


Տասներեք միլիոն դրամ է հարկավոր Հայաստանին, որպեսզի համապարփակ հետազոտության միջոցով պարզ դառնա արտագաղթի ընդհանուր պատկերը։ Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասում է, թե քանի դեռ նման հետազոտություն չի կատարվել, խոսել ահագնացող արտագաղթի մասին՝ ճիշտ չէ։

«Արտագաղթ եղել է, կա, միշտ էլ կլինի։ Ներգաղթն էլ եղել է, կա, միշտ կլինի։ Տարբեր ժամանակներ դրանց ծավալները տարբեր են, անշուշտ։ Այսօր ներգաղթը ավելի քիչ է, քան թե արտագաղթը։ Սա ուղղակի վիզուալ դիտարկումն եմ ասում։ Բայց որ ասեմ, թե ահագնացող ծավալները՝ քանի որ աղբյուրները չեն նշվում, փորձում եմ մեր ձեռքի տակ եղած տեղեկությունների հետ համադրեմ այդ որակումները, տեսնեմ ինչքանո՞վ է համահունչ․․․ մեր եղած վերլուծությունները բացարձակապես այդպիսի որակումների հիմք չեն տալիս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Միգրացիոն ծառայության պետը։

Գագիկ Եգանյանի ներկայացմամբ, արտագաղթի վերաբերյալ Հայաստանում համընդհանուր հետազոտություններ են կատարվել երկու անգամ՝ երկուսն էլ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ։

Դրանցից առաջինը գնահատել է 1988-2001 թվականների իրավիճակը։ Հետազոտությամբ պարզվել է, որ այդ ժամանակահատվածում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 1 միլիոն մարդ։

Երկրորդ հետազոտությունը գնահատել է 2001-2007 թվականների իրավիճակը՝ արձանագրելով, որ այլ երկրներ մշտական բնակության է տեղափոխվել 150 հազար Հայաստանի քաղաքացի։

2008 թվականից մինչեւ հիմա Հայաստանից հեռացածների մասին հետազոտություն չի անցկացվել։ Եգանյանն ասում է, թե իրենք մշակել են համապատասխան ծրագիր ու այն ներկայացրել միջազգային կազմակերպություններին՝ համաֆինանսավորման առաջարկով։

Միգրացիոն ծառայության տվյալներով, այս տարվա առաջին կեսի ընթացքում Հայաստանից գնացել ու չի վերադարձել 67.000 մարդ: Ծառայությունը դեռեւս չի ամփոփել տարվա առաջին 8 ամիսների վիճակագրությունը, սակայն Միգրացիոն պետական ծառայության պետն ասում է, որ տարեկան արտագաղթի մասին եզրակացություններ կարելի է անել միայն տարեվերջին՝ հաշվի առնելով այն փաստը, որ շատերը մեկնում են արտասահման սեզոնային աշխատանքի եւ վերադառնում են տարեվերջին։ Ընդհանրապես, Գագիկ Եգանյանի խոսքով, արտագաղթի ծավալների կտրուկ, հեղափոխական փոփոխություններ վերջին 3-4 տարիների ընթացքում չեն եղել:

«Ոչ վաղ անցյալում՝ 1994 թվականին, ուղեւորահոսքերի բացասական մնացորդը՝ մեկնողների թվի տարբերությունը ժամանողների թվից, 93 թվականի նկատմամբ աճեց միանգամից 100 հազար եւ ավելի մարդով։ Այն ժամանակ շատ տեղին էր որակել զանգվածային արտագաղթ, այս շրջանում՝ արտագաղթի ծավալների մեջ կտրուկ փոփոխություններ չեն եղել», - նշեց նա՝ հավելելով, թե չի ուզում ասել, թե ընդհանրապես արտագաղթ չկա, բայց հեղափոխական փոփոխությունների մասին խոսելը տեղին չէ։

Մինչ կառավարությունը արտագաղթը չի համարում ահագնացող, ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը պնդում է, թե մտահոգվելու առիթ Հայաստանն իսկապես ունի:

«Հայաստանում պարզապես գնալով ավելի ու ավելի վատթարանում է ե՛ւ տնտեսական վիճակը, ե՛ւ քաղաքական վիճակը, երկրի զարգացման տենդենցներ չեն նկատվում, ինչը որ բերում է նրան, որ մարդիկ, չտեսնելով իրենց ու իրենց սերունդների համար այստեղ ռեալիզացվելու որեւէ հեռանկար, գերադասում են հեռանալ Հայաստանից ու իրենց կյանքը դասավորել ուրիշ երկրներում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց ազգագրագետը։ - «Այն, որ երկրում պարզապես չի նկատվում այդ միգրացիայի հետեւանքները, դա երկրի տնտեսության համարյա թե բացակայությամբ է պայմանավորված, որովհետեւ երկրի ներսում աշխատունակ տարիքի աշխատուժի պահանջարկ չկա, քանի որ տնտեսություն չկա»։
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG