Մատչելիության հղումներ

Նախագահը այցելել է «Արաբկիր» մանկական բժշկական հաստատություն


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Երեւանի «Արաբկիր» մանկական բժշկական հաստատություն, որտեղ նրան ներկայացվել են «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի 2007-2011 թվականների զարգացման ծրագրի արդյունքները՝ ուղղված մանկաբուժական ծառայության բարելավմանն ու պոլիկլինիկական մասի ստեղծմանը:

Բժշկական համալիրում նախագահը ծանոթացել է վերանորոգված եւ ժամանակակից սարքավորումներով վերազինված հիվանդանոցային պոլիկլինիկայի ու մանկաբուժական բաժանմունքները ներառող նորակառույց եռահարկ մասնաշենքի պայմաններին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ նախկինում ամբողջովին խարխլված եւ կիսավեր մանկաբուժական մասնաշենքն անցած հինգ տարիներին ամբողջությամբ արդիականացվել է եւ ծառայելու է որպես հիվանդանոցային պոլիկլինիկա, իսկ մանկաբուժական բաժանմունքները տեղափոխվել են հիմնովին կառուցված նոր մասնաշենք:

«Արաբկիր» բժշկական համալիրը ներառում է երեք հիմնական ստորաբաժանումներ` «Արաբկիր» բժշկական կենտրոնը, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը, Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը Երեւանում, ինչպես նաեւ ութ մանկական վերականգնողական կենտրոններ` մարզերում:

Բժշկական համալիրը հիվանդանոցային բուժօգնություն է մատուցում տարեկան ավելի քան 9 հազար, իսկ արտահիվանդանոցային՝ ավելի քան 20 հազար երեխաների, դեռահասների, ինչպես նաեւ մեծահասակների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG