Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ վիզային ռեժիմի վերացման համաձայնագիր ստորագրվեց


Այսօր Երեւանում կայացած հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Արգենտինայի արտգործնախարարի տեղակալ Ալբերտո դե Ալոտոն ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ Սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը:

Հայաստանի արտգործնախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Ալբերտո դե Ալոտոն ստորագրել են Դիվանագիտական դպրոցի եւ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարարության Ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջեւ գործակցության համաձայնագիրը, Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ Ալբերտո դե Ալոտոն՝ երկու երկրների միջեւ 2011-2015 թվականների մշակութային համագործակցության ծրագիրը:

Արգենտինացի բարձրաստիճան դիվանագետը Երեւան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվությունների անցկացման նպատակով:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ալբերտո դե Ալոտոյի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դրված են ամուր հիմքերի վրա, հաճախակի են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոյություն ունի լայն իրավապայմանագրային հենք, միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցություն, տնտեսական ակտիվ գործակցություն:

Արգենտինայի փոխարտգործնախարարը, ընդգծելով, որ իր երկրում ամենաջերմ եւ բարեկամական վերաբերմունքն են տածում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, ասել է, որ Արգենտինան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը:

Քննարկվել է քաղաքական, տնտեսական, մշակութային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Հայաստանի մոտեցումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG