Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը ընդունել է իր կողմից խախտման փաստը եւ կվերացնի այն


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում հրապարակվել են «ԱրմենՏել» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները, ըստ որոնց` ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը:

Վարույթի հարուցումից հետո «ԱրմենՏել»-ը միջնորդությամբ դիմել է հանձնաժողովին եւ տեղեկացրել, որ ընդունում է իրավախախտման փաստը եւ պարտավորվում սեղմ ժամկետում վերացնել այն:

Խախտումն ամբողջությամբ վերացնելու համար հանձնաժողովը սահմանել է երկշաբաթյա ժամկետ՝ միաժամանակ ընկերությանը տալով խիստ նախազգուշացում:

Հանձնաժողովին «ԱրմենՏել»-ի դեմ դիմում-բողոք է ներկայացրել «Յուքոմ» ընկերությունը: «ԱրմենՏել»-ը իր բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ընկերության ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել է 99 դրամ (մոտ 0.27 դոլար)՝ բոլոր սակագնային պլանների դիմաց, մինչդեռ իր ֆիքսված ցանց զանգահարելու դեպքում 1 րոպեի արժեքը, կախված սակագնային պլանից, կազմում է 29,99 դրամ, 39 դրամ եւ 59 դրամ: «Յուքոմ»-ը հանձնաժողովին տեղեկացրել է, որ «ԱրմենՏել»-ի նման գործելաոճը խոչընդոտում է շուկայում առողջ մրցակցային մթնոլորտի ձեւավորմանը` ստիպելով բաժանորդներին հրաժարվել իրենց կողմից առաջարկվող ծառայություններից:

Հանձնաժողովն ամրագրել է, որ «ԱրմենՏել»-ը սահմանել է խտրական գներ՝ առաջացնելով մրցակցային անհավասար պայմաններ: Հանձնաժողովի դիտարկմամբ` «ԱրմենՏել»-ը ունի որոշիչ դեր, քանի որ ֆիքսված հեռախոսակապի շուկայի ընդհանուր հասույթի մոտ 98 տոկոսը պատկանում է իրեն, իսկ բաժանորդների քանակը կազմում է 99 տոկոս:

Հանձնաժողովի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` «ԱրմենՏել»-ը ընդունել է նաեւ նախորդ իրավախախտումների փաստը եւ պատրաստակամություն հայտնել վճարել 100 միլիոն եւ 500 հազար դրամ տուգանքները, որոնց վերաբերյալ հանձնաժողովի երկու որոշումները ընկերության ներկայացուցիչները ժամանակին անհիմն էին որակել եւ վիճարկել դատարանում: Ընկերությունը այսօր տեղեկացրել է, որ հրաժարվում է բոլոր դատական հայցերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG