Մատչելիության հղումներ

Խաղալիքների որակն ու մանուկների առողջությունը


Այս տարի մանկական խաղալիքներ ներկրող 4 խոշոր կազմակերպություններ ստուգվել ու տուգանվել են 300.000-ական դրամով:

Էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների իրավունքների պաշտպանության պետական տեսչության պետի տեղակալ Գեւորգ Գյոզալյանը նշում է, որ մանկական խաղալիքները գտնվում են իրենց վերահսկողության տակ: Պարբերաբար կատարվում են ստուգումներ` թերությունները հայտնաբերելու եւ կանխելու համար:

««Մանկան», «Տունտունիկ» մյուս երկուսը չեմ հիշում: Առաջին թերությունն այն էր, որ սերտեֆիկատ չեն ունեցել, մակնշումը հայերեն լեզվով պետք է լիներ, չի եղել: Բայց որակական առումով խախտումներ չենք գրանցել», - նշում է Գեւորգ Գյոզալյանը:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստան ներմուծվող խաղալիքները երեխաների առողջության համար կարող են վտանգ ներկայացնել «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը ստույգ պատասխան չտվեց, բայց շեշտեց, որ վերջին 8-10 տարիներին ծանր դեպքեր ու ահազանգեր երեխաների առողջության վատացման հետ կապված, որոնց պատճառը եղել են խաղալիքները, իրենք չեն գրանցել:

«Կան դեպքեր, որ խաղալիքը գույն է տալիս, խաղալիքից հոտ է գալիս, երեխաները բերանն են տանում, ընթացքում գույնը գցում է: Սա նշանակում է, որ այն որակը չի, ինչ որ պետք է լիներ»,- նշում է Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով, վերջերս Սպառողների ասոցիացիան կազմակերպել է ստուգայց Երեւանի մի քանի մանկապարտեզներով: Խախտումներ գրանցվել են, սակայն վերջնական արդյունքների մասին խոսելը, ըստ Պողոսյանի, դեռ շուտ է, քանի որ այցելություններ են եղել ընդամենը երկու-երեք մանկապարտեզներ:

«Սուր անկյունով սեղանները մանկապարտեզներն ու դպրոցները պետք է բացառեն: Իսկ նման դեպքեր կան: Իսկ խաղալիքների հետ կապված` տիկնիկների մազերն են թափվում, խաղալիքի ներկն է դուրս գալիս», - նշում է Պողոսյանը:

Շատ հաճախ մարդկանց մտքով չի էլ անցնում, որ խաղալիքներն ունենում են պիտանելիության ժամկետ, եւ ժամկետանց խաղալիքները եւս վնասում են երեխաների առողջությունը: Մասնագետների խոսքով, այս խնդիրն ավելի սպառնում է մանկապարտեզներին, իսկ խնդրի վերացման հետ կապված գործ ունեն անելու մանկապարտեզների վարիչները: Գյոզալյանի խոսքով, նրանք պետք է թույլ չտան, որ 5-6 տարվա հնություն ունեցող խաղալիքները հայտնվեն երեխաների ձեռքին:

Իսկ պարզելու համար, թե ինչպես են ստուգում խաղալիքների որակը մեր համաքաղաքացիները, կամ առհասարակ ստուգում են, թե ոչ «Մաքս լիբերթի»-ն շրջեց փողոցներով ու զրուցեց անցորդների հետ: Արդյունքում համաքաղաքացիներից շատերը նշեցին, որ նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչպես կարելի է ստուգել խաղալիքների որակը, նրանք առաջնորդվում են միայն խաղալիքների տեսքով:

Արմեն Պողոսյանը խորհուրդ է տալիս սպառողներին զերծ մնալ չինական խաղալիքներից, ուշադիր լինել, որպեսզի խաղալիքը սուր անկյուն չունենա. - «Պետք է մատով մի փոքր շոշափել ստուգելու համար ներկը թափվում է թե ոչ, հոտ քաշել, խաղալիքից, պետք է հոտ չգա, դա շատ վտանգավոր է շնչառական օրգանների համար, եթե փափուկ խաղալիք է, ստուգեք մազերը թափվում են թե ոչ»:

Ըստ Արմեն Պողոսյանի, պակաս կարեւոր չէ գնումներ կատարելու վայրը. - «Կա բուդկա, կա փողոցային առեւտուր, ես վստահ հայտարարում եմ, խուսափեք նման վայրերից խաղալիքներ գնել: Տոնավաճառներն էլ վստահելի չեն, իսկ խանութը, որն ունի ցուցանակ, որն ունի աստիճան, մակարդակ, այնտեղի ապրանքներն ավելի վստահելի են: Ինչպե՞ս կարելի է գետնուղուց խաղալիք գնել: Մարդկային ցեղի հիմնական սկզբունքը հետեւյալն է` ամենալավագույնը մանուկներին»:

please wait

No media source currently available

0:00 0:05:11 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG