Մատչելիության հղումներ

Ազարյանը անհիմն է համարում Wikileaks-ի հրապարակումը նախագահական ընտրությունների մասին


ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը անհիմն է համարում Wikileaks կայքում հրապարակված պնդումներն այն մասին, որ 2008-ի նախագահական ընտրություններում պետք է անցկացվեր երկրորդ փուլ։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտին ուղղված դիվանագիտական հեռագրում նման պնդում էր արել Երեւանում Միացյալ Նահանգների գործերի նախկին հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը, ում գնահատմամբ ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած քվեների քանակը անհամեմատ ավելի բարձր է եղել պաշտոնական 21.5 տոկոսից։

«Նրա՞նք են կազմավորել տեղամասերը, նրա՞նք են հաշվել քվեաթերթիկները, նրա՞նք են հաշվել կողմ ձայները, նրա՞նք են ամփոփել ընտրության արդյունքները, որ նման հայտարարություններ են անում», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ԿԸՀ-ի նախագահը։ - «Եթե հիմնվում են դիտորդական առաքելությունների վրա, ուրեմն ընդամենը պետք է կարդալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների վերաբերյալ եզրակացությունը եւ կտեսնեն, որ այնտեղ նման բան գրած չկա։ Նման ոչ մի փաստարկ ոչ մեկը չի ներկայացրել ո՛չ ԿԸՀ, ո՛չ Սահմանադրական դատարան։ Ամեն մարդ կարող է ասել միայն այն գործի մասին, որ ինքն է կատարում, որի համար ինքը լիազորված է»։

Ինչ վերաբերում է կեղծիքների մասին ահազանգերին՝ Գարեգին Ազարյանը չի հերքում, որ խախտումներ եղել են, բայց ըստ նրա, դա չի նշանակում, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան
«Դրանք տարբեր բաներ են՝ ընտրությունների արդյունք եւ խախտում։ Խախտումները պետք է լինեն այնքան շատ եւ համակարգված, որ կարողանային ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա», - ընդգծեց ԿԸՀ-ի նախագահը։

Ջոզեֆ Փենինգտոնի դիտարկումներին իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի արձագանքը հետեւյալն էր․ - «Միշտ թվում է, որ օտարալեզու մեկը եթե մի բան է ասում, դա արդեն հրեշտակապատում է․․․ դրանք ասեկոսներ են, զրույցներ են։ Եթե Wikileaks-ը պետք է որոշի ով է ընտրվել, ով չի ընտրվել, ես կարծում եմ դա մեր հասարակության նկատմամբ հարգալից վերաբերմունք չէ»։

Մինչդեռ ընդդիմադիր ՀԱԿ-ը համաձայն է Wikileaks-ի սենսացիոն հրապարակումներում հնչած տեսակետների հետ: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ 2008-ի նախագահական ընտրություններից երկու օր անց Լեւոն Տեր-Պետրոսյանն իր միջոցով դիմել է Երեւանում ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչներին՝ անհրաժեշտ համարելով ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլ հայտարարվի: Ըստ Լեւոն Զուրաբյանի, իրենք իհարկե համոզված են եղել, որ Տեր Պետրոսյանը հաղթել է, սակայն երկրորդ փուլին համաձայն են եղել` քաղաքական լարվածությունը թուլացնելու համար։

«Որովհետեւ մեզ համար ակնհայտ էր, որ եթե չլինի երկրորդ փուլ, շատ դժվար կլինի գործընթացները պահպանել սահմանադրական շրջանակներում։ Մենք ամեն ինչ արեցինք, բայց դուք տեսաք, որ ժողովրդի պոռթկումը փաստորեն բռնությամբ փորձեցին խեղդել իշխանությունները», - նշեց ընդդիմադիր գործիչը։

Փաստորեն, ըստ Զուրաբյանի, ամերիկացի դիվանագետները հաստատել են այն, ինչ ՀԱԿ-ը հայտարարում է 3.5 տարի։
please wait

No media source currently available

0:00 0:05:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG