Մատչելիության հղումներ

Մահացել է խորհրդային Հայաստանի գործիչ, դիվանագետ Կամո Ուդումյանը


Կյանքի 84-րդ տարում, սեպտեմբերի 3-ին Մոսկվայում մահացել է Հայկական ԽՍՀ-ի մշակույթի նախկին նախարար, արտաքին գործերի նախկին նախարար, Խորհրդային Միության արտակարգ եւ լիազոր պաշտոնաթող դեսպան Կամո Ուդումյանը: Այդ մասին հայտնում է նրա մահվան կապակցությամբ Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ։

Կամո Ուդումյանը մասնագիտությամբ պատմաբան էր, պատմական գիտությունների դոկտոր։ 1940-ականների վերջից մինչեւ 1960-ականների կեսերը մի շարք կոմերիտական, կուսակցական բարձր պաշտոններ է զբաղեցրել, աշխատել է խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայում, եղել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը: 1967-1972 թվականերին պաշտոնավարել է որպես խորհրդային Հայաստանի մշակույթի նախարար, 1972-1975 թվականներին՝ արտգործնախարար:

1975 թվականին Կամո Ուդումյանին շնորհվել է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: 1975-1979 թվականներին նա եղել է Խորհրդային Միության արտակարգ եւ լիազոր դեսպանը Նեպալում, 1979-1987 թվականներին՝ Լյուքսեմբուրգում: 1987 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել խորհրդային արտգործնախարարությունում, ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահությունում, Մշակույթի խորհրդային հիմնադրամում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG