Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն. «ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունը խախտել է մարդու իրավունքը»


Գիտության եւ կրթության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել եւ հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը, ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի` այսօր տարածած հաղորդագրությունում:

«Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջեւ», - ասված է հաղորդագրությունում: - «Բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրության ընթացքում ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունն ընդունել է, որ հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման եւ անցկացման իրավական հիմքերը, այդ թվում շահերի բախումը բացառելու երաշխիքները, ներկայումս հստակ կանոնակարգված չեն»:

Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է Գիտության եւ կրթության նախարարությանը մշակել եւ օրենքով ամրագրել համապատասխան ընթացակարգեր, որոնք կվերացնեն եւ կբացառեն կոռուպցիոն ռիսկերը նշված գործընթացներում: Միեւնույն ժամանակ, առաջարկվում է անվավեր ճանաչել արդեն իսկ անցկացված մրցույթի արդյունքները՝ մարդու խախտված իրավունքը վերականգնելու եւ նրա համար մրցութային հավասար պայմաններ ապահովելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG