Մատչելիության հղումներ

Ռազմական ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել


Ռազմական ոստիկանության վարչության Սեւանի կայազորի պետի տեղակալ Գեւորգ Մոնչյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` կաշառք ստանալու մեղադրանքով: Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ձերբակալված պաշտոնյայի կալանավորման հարցը կքննարկվի վաղը:

Մոնչյանը ձերբակալվել է երկու օր առաջ:

«Այս ձերբակալությունը տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում եւ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ջանքերով: Կատարվում է քննություն, մանրամասները ի հայտ կգան քննության ընթացքում», - ասաց Կարապետյանը:

Ոստիկանության Քրեական հետախուզության վարչության եւ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալված Գեւորգ Մոնչյանը մեղադրվում է նորակոչիկից 1500 դոլար կաշառք վերցնելու մեջ:

Կարապետյանի նախնական տվյալներով` պաշտոնյայի ձեռքում գումար չեն հայտնաբերել: Նրան ձերբակալել են կաշառք վերցնելու կասկածանքի հիման վրա: Քննության արդյունքում պարզ կդառնա, թե արդյո՞ք Մոնչյանը նորակոչիկին Ռազմական ոստիկանությունում ծառայության նշանակելու համար գումար վերցրել է, թե՞ ոչ:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի տվյալներով, սա այս տարվա առաջին դեպքն է, երբ այս ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ:

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն անցած երեք տարիներին ուսումնասիրել է զինված ուժերում առկա կոռուպցիոն երեւույթները: Կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ ինչպես բոլոր, այնպես էլ այս բնագավառում բացակայում է կոռուպցիայի դեմ պայքարելու կամքը: Նրա խոսքով` Սեւանի կայազորի պետի տեղակալի ձերբակալությամբ ոլորտի պատասխանատուներն ուզում են ցույց տալ, թե պայքարում են կոռուպցիայի դեմ: Իրավապաշտպանի կարծիքով` այս պարագայում Մոնչյանը պարզապես «վերեւներին» տեղյակ չի պահել իր արարքի մասին, ինչն էլ նրա ձերբակալության պատճառ է հանդիսացել:

«Սա ես կարող եմ ուղղակի համարել, այսպես կոչված, չհամաձայնեցված կոռուպցիոն գործողության բացահայտում, եւ այն ավելի շատ պատժելու նպատակ ունի, որ առանց թույլատրության չի կարելի կոռուպցիոն գործարքի մեջ մտնել», - ասում է իրավապաշտպանը:

Սաքունցի խոսքով` զինված ուժերին առնչվող քրեական գործերը սովորաբար հանգուցալուծում չեն ստանում: Նա օրինակ է բերում անցած տարի հայ-ադրբեջանական սահմանագծում գտնվող Ջողազի արհեստական ջրամբարի թալանը: Ջրամբարից անհետացել էին ավելի քան 2 միլիոն դոլարի արժողության պոմպեր ու խողովակներ: Զինդատախազությունում հարուցված քրեական գործով որեւէ անձի մեղադրանք չէր առաջադրվել: Այնուհետեւ գործի վարույթը կասեցվել էր «անհաղթահարելի ուժի» ի հայտ գալու հիմքով` հնարավորություն չտալով շարունակել քննությունը: Քննչական մարմինն այդպես էլ չէր պարզաբանել, թե որն է այս պարագայում «անհաղթահարելի ուժը»:
please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG