Մատչելիության հղումներ

Արձանագրությունները «ցանկացած պահի կարող են վերադառնալ խորհրդարան»


Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը Ցյուրիխում: 10-ը հոկտեմբերի, 2009 թ.
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը Ցյուրիխում: 10-ը հոկտեմբերի, 2009 թ.

Թուրքահայ լրագրող Արա Գոչունյանի խոսքով, Թուրքիայի նորընտիր խորհրդարանի օրակարգից հանված հայ-թուրքական արձանագրությունները ցանկացած պահի կարող են կրկին օրակարգ վերադառնալ:

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայալեզու օրաթերթի խմբագրի փոխանցմամբ, արձանագրությունները քննարկումներից դուրս են մնացել ոչ թե պատգամավորների, կառավարության կամ նախագահի նախաձեռնությամբ, այլ՝ ինքնաբերաբար:

«Եթե մի խորհրդարանի գումարման շրջանին առաջադրված եւ վավերացման չհասցված լինեն, դա, ինքնաբերաբար, հաջորդ խորհրդարանի օրակարգից դուրս է մնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում ասաց Գոչունյանը` պարզաբանելով. - «Օրակարգից դուրս մնալը չի նշանակում, որ ընդհանրապես ջնջված է կամ մեկընդմիշտ մի կողմ է թողնված: Հաջորդ գումարման շրջանին որ փուլին որ անհրաժեշությունը գա, պատգամավորական նախաձեռնությունով կարելի է վերստին օրակարգի վրա բերել»:

Պատգամավորական նախաձեռնությունից բացի, ըստ Գոչունյանի, արձանագրությունները օրակարգ կարող են վերստին մտցվել նաեւ կառավարության` այս դեպքում արտգործնախարարության կողմից:

«Միջոցները բազմազան են, անհրաժեշտ է միայն քաղաքական կամք», - ասաց «Ժամանակ»-ի խմբագիրը: - «Երբ հասունանա այդ պահը, արդեն ինքնաբերաբար դժվար չէ նորից թարմացնել այդ գործընթացը: Անշրջելի ոչ մի բան չկա այդ ուղղությամբ»:

Արձանագրությունները օրակարգում թողնել-չթողնելու կամ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ պաշտոնական որեւէ հայտարարություն Անկարայից մինչեւ օրս չի հնչել։

Այդուամենայնիվ, Երեւանում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը պնդում է, թե այս զարգացումը ցույց է տալիս Անկարայի քաղաքական վերաբերմունքը երկու տարի առաջ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին. - «Քաղաքական վերաբերմունքով պաշտոնական Անկարան բառացիորեն ասել է այս երկուսից մեկը` որ դա իրեն համար այնքան էլ հետաքրքիր չէ, կամ ինքը չի պատրաստվում այլեւս դրանք [արձանագրությունները] կյանքի կոչել եւ պատրաստվում է հրաժարվել դրանցից»:

Խորհրդարանական ընդդիմության՝ «Ժառանգության» եւ Դաշնակցության համոզմամբ, Հայաստանի իշխանությունները այժմ պետք է անհապաղ ետ կանչեն հայ-թուրքական արձանագրությունները, որոնք, հիշեցնենք, ընդամենը սառեցվել են մեկուկես տարի առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ։

Առայժմ պաշտոնական Երեւանն անտեսում է այս հորդորները, սակայն, առնվազն հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո ստիպված է կլինի դրանց վերադառնալ եւ որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ։

Բանն այն է, որ նոր խորհրդարան ձեւավորելուց հետո, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, նախորդ գումարման ընթացքում չվավերացված փաստաթղթերը նորընտիր խորհրդարանի օրակարգ են անցնում միայն դրանք ներկայացնողների՝ այս դեպքում նախագահի համաձայնությամբ։

Ընդ որում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց անկախ պատգամավոր, Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը, այդ որոշման մասին նախագահը պատգամավորներին պետք է տեղյակ պահի նամակով:

«Հայաստանի խորհրդարանը, ըստ կանոնակարգի, կարող է թողնել օրակարգում այս կամ այն նախագիծը կամ պայմանագիրը` նախապես դա համաձայնեցնելով հեղինակի հետ: Տվյալ դեպքում Հանրապետության նախագահի համաձայնությունը պիտի լինի օրակարգում մնալու հետ կապված: Հակառակ դեպքում դրանք չեն ընդգրկվի օրակարգ», - պարզաբանեց Թորոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG