Մատչելիության հղումներ

Օգոստոսի 23-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը ի մի է բերում անցած երկու տասնամյակներին հասարակության կողմից անկախության գաղափարի յուրացման ընթացքն ու գնահատում. - «Անկախության գաղափարը չի արմատավորվել մեր հասարակության մեջ, չի դարձել մեր հպարտության եւ մտահոգության առարկան: Ինչո՞ւ: Հայաստանում քարոզվում է ամեն ինչ` իշխանությունը եւ ընդդիմությունը, հեղափոխությունը եւ հակահեղափոխությունը, պլյուրալիզմը եւ ազգային գաղափարախոսությունը, «ծովից ծովն» եւ «գետից գետը», ուղղափառ հավատքն ու աղանդները: Միակ բանը, որ մեր երկրում չի քարոզվում, անկախության գաղափարն է: Որովհետեւ դա ոչ մեկինը չէ, ոչ մի կուսակցություն դրանից դիվիդենտներ չի ստանա, ոչ ոք դրանով պաշտոն կամ հարստություն ձեռք չի բերի, քաղաքական կամ անձնական հակառակորդներից վրեժ չի լուծի: Հենց այդ պատճառով էլ այսօր շատ քչերի մտքով է անցնում, որ հարյուրավոր ազգեր դարեր շարունակ երազել են սեփական պետությունն ունենալու մասին, բայց չեն հասել իրենց երազանքների իրականացմանը: Իսկ մենք 20-րդ դարում երկու անգամ ունեցել ենք նման հնարավորություն (մի կողմ դնենք, թե ինչի շնորհիվ): Եվ այժմ 20 տարի վայելում ենք երկրորդ հնարավորությունը: Դուրս եկեք փողոց եւ հարցրեք (առանց տեսախցիկի, իհարկե) «Ի՞նչ է ձեզ տվել անկախությունը» եւ մեծամասնությունը, եթե անկեղծ լինի, կպատասխանի՝ «տո, ոչ մի բան էլ չի տվել, մեզ ոչ մի անկախություն էլ պետք չի՝ մեզ աշխատանք է պետք, մեր երեխաներին հաց է պետք»»:

«Երկիր» օրաթերթի խմբագրականն անդրադառնում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգից 898 օրինագծերի, այդ թվում` այդպես էլ չվավերացված ցյուրիխյան արձանագրությունների դուրսբերմանը: Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի նախկին կազմի կողմից չվավերացված այդ փաստաթղթերը համարվում են ուժը կորցրած: Թերթը գրում է. - «Մինչ պաշտոնական Երեւանը համառում էր հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունը հետ կանչելու հարցում, դրանց քննարկման հարցը հանվեց թուրքական խորհրդարանի օրակարգից: Այսպիսով, Անկարան շրխկացրեց դուռը թե՛ Հայաստանի եւ թե՛ միջազգային հանրության առջեւ` փակելով երկու տարի չորս ամիս տեւող «անփառունակ ֆուտբոլային նախաձեռնողական դիվանագիտության» էջը: Թուրքական կողմը ոչ մի միլիմետր չնահանջեց իր նախապայմաններից, տեղի չտվեց միջազգային ճնշումներին եւ առաջին իսկ հարմար առիթն օգտագործեց «գնացքից թռչելու համար»: Մի կողմից ողջունելի է, որ գործընթացն այսպիսով դադարեցվեց: Սակայն խնդիրն այն է` ինչ գնով: Հայաստանը խաղից դուրս եկավ իբրեւ ազգային հարցերում միակողմանի զիջումների գնալու պատրաստ եւ դրա դիմաց ոչինչ չստացող կողմ»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Այս տարվա հունիսի վերջին տեղի ունեցած Ընդհանուր ժողովի արդյունքներով, ԱՄՆ դաշնակցական կազմակերպությունները ներկայացնող Վիգեն Հովսեփյանն ու Հայկ Օշականը դուրս մնացին Բյուրոյի կազմից: Սա առաջին ազդակն էր, որ ԱՄՆ-ում բնակվող դաշնակցականների հարաբերությունները լարվում են ՀՅԴ ներկայիս ղեկավարության, մասնավորապես, իրանահայ Հրանտ Մարգարյանի եւ նրա թիմի հետ: Բայց եթե Բյուրոյում տեղի ունեցող փոփոխությունները մի տեսակ դուրս մնացին հայ հանրության ուշադրությունից, ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կազմակերպության օգոստոսի 18-ին տարածած հայտարարությունը նմանվում է ամպրոպի պարզ երկնքում, որովհետեւ մաքսիմալ խստության քննադատություն պարունակում Սերժ Սարգսյանի հասցեին: Ուշագրավն այն է, որ ՀՅԴ Բյուրոն նախորդ շաբաթվա վերջում տարածած հաղորդագրությամբ անհամաձայնություն հայտնեց ամերիկաբնակ դաշնակցականների օգոստոսի 18-ի հայտարարության հետ` փաստորեն խորացնելով կասկածները, որ ԱՄՆ դաշնակցական կառույցները ոչ միայն Հայաստանի գործող իշխանություններից, այլեւ ՀՅԴ գործող Բյուրոյից տարանջատվելու խնդիր ունեն»:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասում է. - «Իշխանություն-ՀԱԿ երկխոսության վերաբերյալ, իհարկե, կան ծայրահեղական գնահատականներ ու կանխատեսումներ: Ոմանք պնդում են, որ հասարակությունը հետաքրքրությամբ է հետեւում այս երկխոսությանը, քանի որ իր ապագան պայմանավորում է դրա արդյունքներով: Մյուսներն էլ պնդում են, թե հասարակությունը անտարբեր է այս գործընթացի նկատմամբ, քանզի իր վիճակն ու կենսակերպը չի պայմանավորում այն հանգամանքով, թե ով է վաղը գալու իշխանության: Ընդհանուր առմամբ այս քաղաքական երկխոսությունը ավելի շատ դրական, քան բացասական տարրեր է պարունակում ե՛ւ քաղաքական դաշտի, ե՛ւ առաջընթաց զարգացումների, ե՛ւ հասարակության համար: Հասարակության համախմբվածությունը, ներքաղաքական հանդուրժողականության մթնոլորտը շատ ավելի կարեւոր ու ցանկալի է, քան որեւէ առճակատում»:
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG