Մատչելիության հղումներ

Օմբուդսմենն ու Արդարադատության խորհուրդը միմյանց մեղադրում են ապատեղեկատվություն տարածելու մեջ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից անցած շաբաթ տարածված տեղեկատվությունը այն մասին, որ օմբուդսմենը Արդարադատության խորհրդին առաջարկել է 3 դատավորների ենթարկել կարգապահական պատասխանատվության, փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել:

Ուրբաթ օրը Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին մեղադրել էր իր իրավասությունները գերազանցելով` դատավորների կողմից օրենքի նորմերի «ակնհայտ եւ կոպիտ խախտումներ թույլ տված լինելը» հրապարակայնորեն հաստատված համարելու, Արդարադատության խորհրդի վրա ճնշում գործադրելու մեջ, եւ նրան հորդորել էր «հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից»:

Պատասխան հայտարարությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «ապատեղեկատվություն» է որակել վերոհիշյալ հայտարարությունը` մանրամասն կերպով վերլուծելով այնտեղ բերված մի շարք դրույթներ:

«Պաշտպանի գնահատականները եղել են օրենքի տառին համապատասխան», - եզրակացրել է Կարեն Անդրեասյանը` իր գրասենյակի կողմից այսօր տարածված հայտարարությունում ու որպես հետգրություն` հավելել. - «Մարդու իրավունքների պաշտպանին՝ սահմանադրական մարմնին, ուղղված հակաիրավական հորդորը «հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից» կարող է ապագայում դիտարկվել որպես Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտություն կամ պաշտոնատար անձանց կողմից Պաշտպանի օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտում կամ Պաշտպանին ուղղված սպառնալիք, որոնց համար օրենքով սահմանված է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն»:

Ժամեր անց Court.am կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում Արդարադատության խորհուրդը Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանին արձագանքել է` պնդելով, որ վերջինս «խեղաթյուրել է ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 19.08.2011թ. տարածած հայտարարության բովանդակությունը, ըստ էության, ապատեղեկատվություն է համարել միջազգային փաստաթղթերի պահանջները եւ Սահմանադրական դատարանի որոշումից մեջբերումները»:

«Ելնելով վերոգրյալից` Մարդու իրավունքների պաշտպանին խորհուրդ ենք տալիս արդարանալու փոխարեն գործել իր լիազորությունների շրջանակներում` հաշվի առնելով միջազգային փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենսդրության պահանջները», - ասված է Արդարադատության խորհրդի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG