Մատչելիության հղումներ

Լիբիայի ապստամբները գրավել են մայրաքաղաքը


Լիբիայի ապստամբները մտել են Տրիպոլի
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00
Շուրջ կես տարի շարունակված քաղաքացիական պատերազմի արդյունքում ապստամբները գրեթե ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են առել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին:

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դեմ պայքարող ընդդիմադիրները հայտարարել են, թե առանց դիմադրության հանդիպելու հասել են Տրիպոլիի կենտրոնում գտնվող Կանաչ հրապարակ:

Ըստ ընդդիմադիրների, բացառությամբ Քադաֆիի նստավայրի, Տրիպոլին իրենց հսկողության տակ է:

Երեկ, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, Քադաֆին դիմել է լիբիացիներին` խնդրելով պաշտպանել քաղաքը եւ թույլ չտալ, որ այն անցնի, իր որակմամբ` գաղութարարների ձեռքը:

Միեւնույն ժամանակ, ընդդիմադիրները արեւմտյան լրատվամիջոցներին տեղեկացրել են, թե գերեվարել են Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ Իսլամին, ով համարվում էր Լիբիայի առաջնորդի պաշտոնում հոր հավանական փոխարինողը:

Տրիպոլիի պաշարման` շաբաթ օրը սկսված օպերացիայի վերաբերյալ հակասական տեղեկություններ են հաղորդվում: Քադաֆիի ռեժիմի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ երկու կողմից շուրջ 1300 մարդ է զոհվել: Ապստամբները կոնկրետ թվեր չեն հրապարակում, բայց խոսում են հարյուրավոր զոհերի մասին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմը կանգնած է անկման եզրին: Միացյալ Նահանգների նախագահը կոչ է արել Քադաֆիին հրաժարվել իշխանությունից` հետագա արյունահեղությունից խուսափելու համար:

Այս գիշեր արված հայտարարության մեջ Օբաման նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը գործակցելու է դաշնակիցների հետ` հանուն Լիբիայի ժողովրդի իրավունքների եւ աջակցելու է այդ երկրի արագ անցմանը դեպի ժողովրդավարություն:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ Լիբիայի ապստամբների ձեւավորած Ազգային անցումային խորհրդի հետ համագործակցության պատրաստակամության մասին:

ՆԱՏՕ-ն նույնպես հայտարարել է, որ Քադաֆիի ռեժիմը «քանդվում է» եւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել ապստամբների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG