Մատչելիության հղումներ

Քաղաքագետ. «ՀՅԴ ամերիկյան կառույցի հայտարարությունը համահունչ է Հայաստանի ընդդիմության դիրքորոշմանը»


Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ-ի կողմից կազմակերպված համերգում, արխիվային լուսանկար
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ-ի կողմից կազմակերպված համերգում, արխիվային լուսանկար
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտե ընդունած հայտնի հայտարարությունը եւ դրան ի պատասխան` այդ կոմիտեին ուղղված ՀՅԴ Բյուրոյի քննադատությունը կարող է նշանակել, որ առաջիկայում Դաշնակցության ներսում առնվազն երկխոսություն կսկսվի, թե ինչ դիրքորոշում պետք է ունենա կուսակցությունը Հայաստանի առաջիկա ներքաղաքական զարգացումների առնչությամբ:

«Դաշնակցության ամերիկյան կառույցը հայտարարություն է արել, որը համահունչ է հայաստանյան ընդդիմության թե' դիրքորոշմանը, թե' հռետորաբանությանը, ինչը, կարծում եմ, բավականին անսպասելի է` համենայնդեպս, ներկա քաղաքական զարգացումների փուլի առումով», - ասաց Մեհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Նրա խոսքով` մյուս կողմից հարցն այստեղ վերաբերվում է նաեւ ընդհանրապես Դաշնակցության` որպես կուսակցության ապագային:

«Ի վերջո, այնտեղ խոսվում է թե' ռեժիմի կոռումպացվածության, երկրում տիրող «փտախտի» մասին, եւ փաստ է, որ Դաշնակցությունը երկար տարիներ շարունակ մաս է կազմել իշխանության եւ այս «փտախտային» պետական համակարգին եւ ժամանակն է կողմնորոշվելու, որն էլ անում է Դաշնակցության ամերիկյան կառույցը», - ասաց Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն արձագանքելով Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից` ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպվելիք տոնական հանդիսավոր ճաշկերույթի կապակցությամբ հղված հրավերին, հանդես էր եկել կոշտ հայտարարությամբ. - «Ճիշտ չենք գտնում Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակի առիթով ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի «տոնական հանդիսավոր ճաշկերույթ» կազմակերպելու նախաձեռնությունը: Անկախության տոնակատարությունը չի՛ կարող առիթ ծառայել փառավորելու հեղինակազրկված պաշտոնատարների, այս պարագայում` մի նախագահի, որի վարած քաղաքականության հետեւանքով 20-ամյա անկախ Հայաստանը ամեն օր առավել եւս խրվում է փտախտի տիղմի մեջ, իսկ ժողովրդավարութունն ու ժողովրդավարական արժեքները շարունակվում են ոտնակոխ լինել, որպեսզի կարելի լինի ապահովել հանցավոր վարչակարգի վերարտադրությունը»:

Ի պատասխան` երեկ ՀՅԴ մամլո դիվանը տարածեց մի հաղորդագրություն, ուր Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ընդգծել էր, թե վերոհիշյալ հայտարարությունն արտահայտում է [Արեւմտյան Ամերիկայի] Կենտրոնական կոմիտեի դիրքորոշումը եւ «թերեւս արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների»։

«Հասկանալի է, որ ՀՀ-ում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Բայց 20-ամյա տարելիցը մեր ընդհանուր հաղթանակի եւ ձեռքբերումների ամրագրումն է։ Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում, անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու, այլ՝ առիթը պետք է օգտագործենք, մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում, նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը»,- հայտարարել էր Կիրո Մանոյանը:

Նշենք, որ այսօր «Ազատություն» ռադիոկայանին չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ Դաշնակցության ներկայացուցիչներից:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ իրականում Դաշնակցությունը միասնական կուսակցություն չի հանդիսանում:

«Միասնական մի կուսակցություն, որը գործում է տարբեր մայրցամանքերում եւ որի անդամ են Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների քաղաքացիներ, ուղղակի չի կարող գոյություն ունենալ: Այն որոշակի առումով հովանոցային մի միավորում է, որի կառույցները գտնվում են տարբեր երկրներում, եւ որ այդ երկրների քաղաքացիներն ունեն տարբեր կարծիքներ, որոնք արտահայտվում են ներկուսակցական տարաձայնություններով, դա բնական է: Եվ այն, ինչ հիմա տեղի ունեցավ, ի ցույց է դնում արդեն հայտնի մի երեւույթ, որ Դաշնակցության անդամները տարբեր երկրներից տարբեր կերպ են մոտենում որոշակի խնդիրների», - ասաց Իսկանդարյանը:

Իր հերթին, Ռուբեն Մեհրաբյանը նշեց, թե տեղի ունեցածը բարոյահոգեբանական դրական որոշակի ազդեցություն կունենա Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի վրա:

«Փաստորեն Կիրո Մանոյանը չժխտեց այդ որակումները, որոնք տրվեցին ամերիկյան կառույցի կողմից: Նա ուղղակի նշեց, որ անձնավորված մոտեցում պետք չէ ցուցաբերել, պետք է գնալ այդ ընդունելությանը, բայց ոչ ավելին: Նա, համենայնդեպս, չասաց, որ Հայաստանում նման բան չկա, ամեն ինչ լավ է եւ այլն», - շեշտեց Մեհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG