Մատչելիության հղումներ

Դաշնակցության Բյուրոն քննադատում է Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված ճաշկերույթից հրաժարվելու` ՀՅԴ ամերիկյան մարմնի որոշումը


ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյան
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր անդրադարձել է այն հայտարարությանը, որով ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն մերժել է կազմակերպության մասնակցությունը Լոս Անջելոսում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթին։

Հիշեցնենք` նախօրեին ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է ընդունել, որում, մասնավորապես, ասված է. - «Ճիշտ չենք գտնում Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակի առիթով ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի «տոնական հանդիսավոր ճաշկերույթ» կազմակերպելու նախաձեռնությունը: Անկախության տոնակատարությունը չի՛ կարող առիթ ծառայել փառավորելու հեղինակազրկված պաշտոնատարներ, այս պարագայում` մի նախագահ, որի վարած քաղաքականության հետեւանքով 20-ամյա անկախ Հայաստանը ամեն օր առավել եւս խրվում է փտախտի տիղմի մեջ, իսկ ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքները շարունակվում են ոտնակոխ լինել, որպեսզի կարելի լինի ապահովել հանցավոր վարչակարգի վերարտադրությունը»:

Այսօր ՀՅԴ մամլո դիվանի տարածած հաղորդագրության մեջ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ընդգծել է, որ հայտարարությունն արտահայտում է Կենտրոնական կոմիտեի դիրքորոշումը եւ «թերեւս արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների»։

«Հասկանալի է, որ ՀՀ-ում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Բայց 20-ամյա տարելիցը մեր ընդհանուր հաղթանակի եւ ձեռքբերումների ամրագրումն է։ Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում, անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու, այլ՝ առիթը պետք է օգտագործենք – մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում – նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը», - հայտարարել է Կիրո Մանոյանը:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG