Մատչելիության հղումներ

Օգոստոսի 18-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երբ կեղծիքի օրինականացման փորձերը շարքային քաղաքացին է անում, իրավապահները փորձում են օրենքի ուժով դրա դեմն առնել: Մենք բոլորս տեղյակ էինք, իսկ օրերս Հայ ազգային կոնգրեսի հրապարակած ցանկից համոզվեցինք, որ թվով առնվազն 76 պատգամավորներ բիզնես գործունեություն են ծավալում՝ անկախ Սահմանադրության արգելքից: Ունենք օրենք գրող եւ օրենքը խախտող, ոչ՝ ավելի շուտ օրենքի տառը ոչնչացնող օլիգարխների մի բանակ, որը ջայլամի նման գլուխը մտցրել է ավազի մեջ եւ մեզ էլ ստիպում է չնկատել իր կատարած ապօրինությունները: Թերեւս կառարկեք, թե նրանք բիզնեսի հիմնադիրներ են կամ կառավարման խորհրդի նախագահներ, կամ փայատերեր, այլ ոչ թե գործարարությամբ զբաղվող անձինք: Ահա հենց այստեղ է թաղված շան գլուխը՝ իրականում այս բոլոր անձինք կեղծիք են կատարում, ձեւացնում, թե իրենք ձեռնարկատեր չեն: Խաբում ու ֆռռացնում ոչ միայն ընտրողին, այլեւ օրենքն ու Սահմանադրությունը»:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է այդ 76-ից մեկի` Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի (ՀՀԿ) հետ, որին պատկանում են «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ՓԲԸ-ն, «Լամաքս գրուպ» ՍՊԸ-ն, «ՆԻԱՇ» ՍՊԸ-ն, «VH STONE» ՍՊԸ-ն: Լրագրողը հարցնում է. - «Պարոն Հակոբյան, Կոնգրեսի ցուցակում նաեւ Ձեր անունն է նշված: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան»: Պատասխան. - «Սահմանադրությամբ ամրագրված է, որ պառլամենտը պրոֆեսիոնալ է, եւ բացի գիտամանկավարժական գործունեությունից, այլ գործունեությամբ պատգամավորը չպիտի զբաղվի: Ես կարծում եմ, որ Սահմանադրության տառը յուրաքանչյուր մարդ եւ պատգամավոր պարտավոր է պահպանել: Ես, այո, սեփականատեր եմ, ես ունեմ բիզնեսներ, բայց դա մեր ընտանեկան բիզնեսն է. իմ հայրը, իմ եղբայրը, բոլորն էլ զբաղվում են դրանով, ես ընդհանրապես չեմ զբաղվում բիզնեսով»: Հարց. - «Բայդ դա արդեն Սահմանադրության խախտում է»: Պատասխան. - «Ոչ, ոչ, Սահմանադրության խախտում չէ, եթե ես ինչ-որ բանի սեփականատեր եմ, այդ նույն ձեւով ես բնակարանի սեփականատեր եմ կամ ավտոմեքենայի սեփականատեր եմ, բայց եթե ես սկսեմ բուն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, այսինքն, բիզնեսով զբաղվել` լինելով պատգամավոր, այ դա Սահմանադրության կոպիտ խախտում է»:

«168 ժամ»-ը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսի անդամ յոթ երիտասարդների կալանավորումը, հետո նրանց նկատմամբ մեղադրանքի առաջադրումը ոմանք դիտարկում են որպես հետքայլ քաղաքական գործընթացների ներկայիս զարգացումների համատեքստում: Եվ բացառված չէ, որ հետագա զարգացումները կրկին պայմանավորված կլինեն դատական պրոցեսներով: Չի բացառվում, որ միջազգային կառույցները նույնպես արձագանքեն այս միջադեպին: Հատկապես, որ սեպտեմբերին տեղի է ունենալու ԵԽԽՎ լիագումար նստաշրջանը, որի ընթացքում, նախնական տեղեկություններով, քննարկվելու է նաեւ Հայաստանի հարցը»: ԵԽԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը թերթին տեղեկացրել է, որ 7 երիտասարդների հարցի մասին արդեն տեղյակ է պահել Հայաստանի հարցով համազեկուցողների ներկայացուցչին: «Ես, իհարկե, հնարավոր համարում եմ, որ ԵԽ-ն ինչ-որ կերպ դրան կարձագանքի, բայց հուսանք, որ դրա կարիքը չի լինի: Իսկ եթե լինի, ինձ թվում է, որ ԵԽ-ն չի լռի: Եթե տղաներն ազատ արձակվեն, ուրեմն դրան անդրադառնալու անհրաժեշտություն չի լինի: Եվ բոլորս հույս ունենք, որ այդ խայտառակ խնդրի հետ մենք նորից ստիպված չենք լինի գործ ունենալ», - թերթին ասել է Արման Գրիգորյանը:

«Առավոտ»-ի խմբագրի կարծիքով, Հայաստանին «չեն օգնի ոչ հեղափոխությունները, ոչ էլ` ընտրությունները». - «Հայաստանում մոտակա տասնամյակների ընթացքում չի լինի օրինակարգ իշխանություն` անկախ ընտրությունների ժամկետներից: Եթե Կոնգրեսը ստեղծի «ռեւկոմներ», փողոցներում կարգուկանոն պահպանեն ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները, իսկ որոշումները ընդունվեն «Ազատության» հրապարակում` ձայների մեծամասնությամբ կամ կոկորդների լարումով, դա նույնպես չի նպաստի Հայաստանի առաջընթացին: Որեւէ արտահերթ կամ հերթական գործընթաց մոտ ապագայում չի փոխի մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ժողովրդավարության մակարդակը: Ուրեմն, ամեն ինչ անհո՞ւյս է, եւ պետք է ձեռքերը ծալած նստել ու բողոքել կյանքի՞ց: Ոչ, հակառակը` պետք է տրամադրվել ամենօրյա, երկարատեւ աշխատանքի` հույս չփայփայելով, հայկական բնավորության համաձայն, որ հնարավոր է երկու հատ «դու շեշ» գցել եւ «մարս» անել»:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը հարց է բարձրացնում` ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում գաղտնազերձել քաղաքական դաշտում գտնվող օտարերկրյա գործակալներին: «Դեմ եմ եղել 88-ին, դեմ եղել այն ժամանակ, դեմ եմ հիմա», - ՊԱԿ-ի արխիվները բացելու վերաբերյալ լրագրողի հարցին այսպես է պատասխանել Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը: Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, ով եւս կտրականապես դեմ է բացմանը, իբրեւ փաստարկ ներկայացրել է մերձբալթյան երկրների փորձը: Ըստ նրա` խորհրդային ՊԱԿ-ի հետ համագործակցած գործակալական ցանցը հրապարակելուց հետո, որի արդյունքում գործակալները համաժողովրդական պարսավանքի էին արժանացել եւ անգամ ենթարկվել վրեժխնդրության ակտերի, այլ երկրների հատուկ ծառայությունները կանգնած են իրենց անկախ պետությունների համար գործակալներ հավաքագրելու դժվարության առաջ: Ըստ Գուրգեն Եղիազարյանի` նույնիսկ չեն կարողանում հավաքագրել նախկինի 5 տոկոսը:
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG