Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մասնակցել է Թումո կենտրոնի բացման արարողությանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ ոգեւորված է կենտրոնի բացմամբ եւ վստահություն է հայտնել, որ ծրագիրն ունենալու է շատ կոնկրետ արդյունքներ և նշանակություն Հայաստանի համար:

Թումո կենտրոնում Հանրապետության ղեկավարը հանդիպել է նաեւ ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ, ներկա է գտնվել Թումո կենտրոնի բացման առթիվ կազմակերպված համերգին:


Թումո կենտրոնը նորարարական բաց ստուդիա է, որը հագեցված է առաջատար թվային տեխնոլոգիայով: Կենտրոնի պաշտոնական կայքէջում ասվում է, որ Թումոն նախատեսված է 12-18 տարեկան պատանիների համար, ովքեր կարող են ընտրել ուսումնական չորս ոլորտներից մեկը՝ անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թվային մեդիա եւ հմուտ մասնագետների օգնությամբ գիտելիքներ ձեռք բերել այդ ոլորտում:

Թումո կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ, որի հիմնադիրն է ամերիկահայ բարերար Սեմ Սիմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG