Մատչելիության հղումներ

Օգոստոսի 11-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ինչ տպավորություն է թողնում այս օրերին Հայաստանը դրսից մեզ հետեւող մարդկանց վրա: Մի խումբ տաքգլուխ երիտասարդների ոստիկանները պարբերաբար ծեծում են ու տանում ոստիկանություն: Ողջ երկիրը խոսում է սրանց վնասվածքների մասին, նրանց հարազատներն ու ընկերները օրերով հավաքվում են ոստիկանության առաջ, բողոքի ակցիաներ անում, փաստաբաններ վարձում, լրագրողների ու քաղաքական գործիչների հետ պայքարում, որ նրանց ազատեն: Իսկ մինչ այդ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները ձեւ են անում, թե բանակցում են, երկխոսում եւ պետության ու ազգի խնդիրներն են համատեղ լուծում»:

«Առավոտ»-ի թղթակիցը հարց է ուղղել «Հելսինկյան ընկերակցություն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանին. - «Արդյոք ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները գիտեին, թե ե՞րբ, ո՞ւմ եւ ինչպե՞ս է պետք խուզարկել, արդյոք նրանք հենց փողոցում մեկ րոպեում կողմնորոշվում են` տվյալ խուզարկությունը օրինակա՞ն է, թե՞ ոչ, արդյոք ոստիկանները այդ հարցում պետք է նրանց հաշվետվություն տան, ու եթե` այո, ապա գուցե իմաստ ունի՞ իշխանությունը տալ ՀԱԿ-ի «ռեւկոմներին», եւ թող իրենց երիտասարդական դրուժինաները ստանձնեն իրավապահ մարմինների կամ վերջիններիս օժանդակ խմբերի դերը, ինչպես հեռավոր հեղափոխական կամ խորհրդային տարիներին էր ընդունված»: Միքայել Դանիելյանը ասել է. - «Եթե ես լինեի` կմիջամտեի: Ի՞նչ իրավունք ունի ոստիկանը Երեւանում երեկոյան քայլող քաղաքացուց փաստաթուղթ պահանջել կամ խուզարկել, դիտողություն անել: Երիտասարդների արածի մեջ ոչ մի օրինախախտում չկա: Իրենք համարում են, որ ավելի տեղյակ են գործող օրենքներին եւ փորձում են այլոց նման դեպքերում օգնություն ցույց տալ: Ես ողջունում եմ դա, նաեւ երիտասարդների` իրենց իրավունքներն իմանալու փաստը: Ուղղակի նրանք պիտի պատկերացնեին նաեւ, թե իրենց` որպես ընդդիմադիրների, ինչ է սպասվում, ու արդյոք այս պահին իրենք` որպես կոնգրեսականներ, ՀԱԿ-ին ավելի օգտակար չէին լինի դրսում»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Մեր մեջ ասած` կրպակները, որ հիմա Երեւանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել` վաղուց պետք է դադարեցրեծ լինեին իրենց գործունեությունը: Համենայնդեպս` իշխանություններն ամեն ինչ անում էին դրա համար: Նրանց ջանքերով Երեւանում ամեն քայլափոխի սուպերմարկետներն են գործում: Այս պայմաններում կրպակները վաղուց պետք է փակված լինեին` անմրցունակ լինելու պատճառով: Բայց հայ մարդը այս դեպքում էլ տոկունություն ցուցաբերեց եւ դաժան ու անհավասար մրցակցության պայմաններում շարունակում է համապազօրյա հացի փող աշխատել, եւ մի բան էլ` հարկ վճարել պետությանը: Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի լկտիություն. էս կրպակատերերը ցինիկ կերպով կլիենտ են փախցնում սուպերմարկետներից, փաստացի կողոպտում են օլիգարխներին եւ նրանց շեֆին: Եվ դա դեռ քիչ չէ, քցում են այն քաղաքի տեսքը, որտեղ օլիգարխները դրայվ են անում իրենց ընտանիքների եւ ոչ միայն ընտանիքների հետ: Եվ սա դեռ քիչ չէ, մի բան էլ շարունակում են ապրել Հայաստանում` այսպիսով մեծացնելով հեղափոխության հավանականությունը»:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը զրուցել է պատգամավոր Վահան Հովհաննիսյանի (ՀՅԴ) հետ, ում անունը նույնպես հայտնվել էր ՀԱԿ-ի կազմած ոչ լեգիտիմ պատգամավորների ցուցակում: Հովհաննիսյանը ասում է. - «Ողբալի է մեր երկրի վիճակը, եթե սահմանադրական կարգը վերականգնելով զբաղվում է Կոնգրեսը: Այսինքն` մարդիկ, որոնք իրենց իշխանության եղած ժամանակ այնպես էին թալանել այս երկիրը, որ արդյունքները մինչեւ հիմա նկատելի են: Կոնկրետ իմ ազգանվան` այդ ցուցակում հայտնվելու պարագայում, կարծում եմ, որ ուղղակի կեղծիք են կիրառում: Գրված է, որ Վահան Հովհաննիսյանը ունի 50 հա գյուղատնտեսական հող: Չի ասված, թե դրա վրա ինչ է աճում… Եթե ունենայի 50 կամ 500 հա, ապա դա էլ օրենքով արգելված չէ, որովհետեւ ունեցվածք ունենալը արգելված չէ Հայաստանում եւ որեւէ խոչընդոտ պատգամավորական գործունեությանը ո'չ սահմանադրական, ո'չ էլ այլ առումով հանդիսանալ չի կարող: Սահմանադրությամբ արգելված է բիզնեսով զբաղվելը, իսկ այսօր ես չեմ զբաղվում, եւ դրա ոչ մի ապացույց չի բերել ՀԱԿ-ը, որովհետեւ այդ ապացույցը պարզապես չկա»:

1in.am էլեկտրոնային պարբերականում կարդում ենք. - «Հայաստանի պետական պարտքը 2011 թվականին կրկնակի աճել է: Թույլատրելի բանական սահմանը 50 տոկոսն է: Այսինքն` Հայաստանի պետական պարտքը թույլատրելի սահմանի եզրին է: Բայց այդ պայմաններում անգամ կարելի է ասել, որ Հայաստանի իշխանության ճակատագրի վրա դա չի ազդի նույնիսկ մեկ տոկոսով: Հայաստանը պարտքեր ունի ու շարունակում է պարտքեր կուտակել: Այդ պարտքերը այն վճարն են, որ մենք տալիս ենք Հայաստանի իշխանության առանց ճակատագիր կյանքի համար: Մինչդեռ այդպիսով մենք խաղում ենք երկրի, պետության, մեր երեխաների ճակատագրի հետ: Ժամանակը չէ՞, արդյոք, լրջորեն մտածել այդ մասին, քանի մեր արտաքին պարտքը չի կազմել մեր ՀՆԱ 100 տոկոսը, քանի դեռ մենք կարող ենք ինչ-որ չափով պահել ինքներս մեզ, տեր լինել ինքներս մեր ճակատագրին»: « Ինչո՞ւ են քաղաքացիները դժգոհում առավելապես խոհանոցներում կամ ծխարաններում, կամ բակերում նարդի խաղալիս, այն էլ` եթե համոզված են, որ մոտակայքում որևէ անծանոթ ականջ չկա», -հռետորական հարց է հնչեցնում մեկնաբանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG