Մատչելիության հղումներ

«Առաջիկայում երկկողմ ձեւաչափով հանդիպումների ականատեսը կլինենք»


Քաղաքագետ Էլդար Նամազովը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում, արխիվային լուսանկար
Քաղաքագետ Էլդար Նամազովը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում, արխիվային լուսանկար
Փաստը, որ օգոստոսի 9-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը լինելու է երկկողմ եւ ոչ եռակողմ` Հայաստանի նախագահի մասնակցությամբ, կապված է կազանյան հանդիպման արդյունքների հետ: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի աշխատակազմը 1993-1999 թվականներին ղեկավարած Էլդար Նամազովը:

Ղարաբաղյան հարցի շուրջ հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից հետո, որը, շատերի կարծիքով, ավարտվեց անհաջողությամբ, մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը, հղում կատարելով դիվանագիտական անանուն աղբյուրներին, գրեց, թե «հաջորդ եռակողմ գագաթնաժողովի անցկացումը հնարավոր է միայն մի դեպքում` եթե դրա ընթացքում ստորագրվի ղարաբաղյան կարգավորման պատրաստված պլանը»:

Հուլիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը: Հաջորդ երկու շաբաթների ընթացքում նախ Ադրբեջանի նախագահը, իսկ հետո նաեւ Հայաստանի նախագահը պատասխանեցին Մեդվեդեւի ուղերձին: Անցած շաբաթավերջին էլ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ օգոստոսի 9-ին Սոչիում կայանալու է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«[Սոչիում կայանալիք] այդ հանդիպումից մեծ սպասումներ չունեմ: Չեմ կարծում, թե տեսանելի ապագայում հնարավոր կլինի համաձայնության հանգել հիմնարար սկզբունքների շուրջ: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչու է հանդիպումը կայանում հենց նման ձեւաչափով, հայտնի է, որ կազանյան հանդիպման ձախողումից հետո [Ռուսաստանի] նախագահի աշխատակազմի տեղեկացված աղբյուրները հայտնեցին, որ հաջորդ անգամ նման հանդիպում կկայանա, եթե նախնական պայմանավորվածություն լինի որեւէ համաձայնության ստորագրման մասին: Կարծում եմ, որ այդ իսկ պատճառով առաջիկայում երկկողմ ձեւաչափով հանդիպումների ականատեսը կլինենք. հանդիպումներ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կամ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միջեւ, որպեսզի ինչ-որ միջանկյալ համաձայնություն ձեռք բերվի, որից հետո էլ հնարավոր կլինի նոր եռակողմ հանդիպում կազմակերպել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Էլդար Նամազովը:

Անցած շաբաթ ռուսական եւ վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, մասնավորապես, թե 2008 թվականի ռուս - վրացական պատերազմը շատ լուրջ դաս էր Ադրբեջանի ու Հայաստանի համար: Հարցին, թե ի՞նչ է նշանակում Մեդվեդեւի այդ հայտարարությունը, Նամազովը արձագանքեց. - «Կարծում եմ, որ ամենագլխավորն այն է, որ այդ պատերազմը դաս լինի Ռուսաստանի եւ Վրաստանի համար, իսկ հետո նոր կարելի է քննարկել, թե ինչ հետեւություններ այդ պատերազմից կարող են անել մյուս պետությունները: Ցավոք սրտի, այն հայտարարությունները, որոնք ներկայում հնչում են ռուսական եւ վրացական կողմերից, ինձ թույլ չեն տալիս կարծելու, որ նշված պատերազմից դասեր են քաղել դրա անմիջական մասնակիցները»:

«Ինչ վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին, կարծում եմ, որ իրավիճակը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում լրջորեն տարբերվում է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակից: Եվ ամեն մի հակամարտություն յուրօրինակ է, ուստի զուգահեռներ հակամարտությունների միջեւ ես չէի անցկացնի», - ամփոփեց ադրբեջանցի քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG