Մատչելիության հղումներ

Մեդվեդեւ. «2008-ի պատերազմը լուրջ դաս էր Հայաստանի եւ Ադրբեջանի համար»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հարցազրույց է տալիս «Էխո Մոսկվի»-ին, Russia Today-ին եւ Առաջին կովկասյանին, Սոչի, 4-ը օգոստոսի, 2011թ.
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հարցազրույց է տալիս «Էխո Մոսկվի»-ին, Russia Today-ին եւ Առաջին կովկասյանին, Սոչի, 4-ը օգոստոսի, 2011թ.
Հարավային Օսիայի եւ Աբխազիայի շուրջ 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները «լուրջ դաս էին» Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, Russia Today եւ «Առաջին կովկասյան» հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Լրագրողները Ռուսաստանի նախագահին հարց են տվել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների վերաբերյալ, որոնցում նա անձամբ ներգրավված է, եւ հավելել, թե «ինչպե՞ս են նայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Աբխազիայի եւ Օսիայի հետ կապված պատմությանը. ի՞նչ պետք է անեն այդ երկու կողմերը` վերադարձնե՞ն շրջանները»:

«Շատ լավ հարց է», - ասել է Մեդվեդեւը` մանրամասնելով. - «Գիտեք, երբ դա [2008 թվականի ռուս - վրացական պատերազմը] տեղի ունեցավ, երկու ղեկավարները` ե'ւ նախագահ Ալիեւը, ե'ւ նախագահ Սարգսյանը, եղան հենց այստեղ` Սոչիում: Գիտե՞ք, թե նրանք ինչ ասացին ինձ: Ասում են. - «Վատ է, իհարկե, որ այդ ամենը տեղի ունեցավ, Կովկասի համար դա ծանր բան է»: Ես ասում եմ. - «Շատ ծանր»: - «Բայց գիտե՞ք, մեզ համար դա որոշակի դաս է, որ ավելի լավ է վարել անվերջ բանակցություններ այն մասին, թե ինչ ճակատագիր է սպասում Լեռնային Ղարաբաղին, կլինի արդյոք այնտեղ երբեւէ հանրաքվե, ինչպես մենք պատրաստենք խաղաղ պայմանագիրը, քան անցկացնել այդ հինգ պատերազմական օրը»:

«Դա նրանց համար շատ լուրջ դաս էր», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը եւ շարունակել. - «Ինձ թվում է` դա շատ ցուցադրական բան է: Ինչո՞ւ: Որովհետեւ, եթե վերադառնանք նրան, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, չէ որ եթե մեր վրաց գործընկերը փոքր-ինչ ավելի խելացի լիներ, հնարավոր է` մենք նույն կերպ կհանդիպեինք Սոչիում, Կազանում, էլի ինչ-որ տեղ եւ կմտածեինք` ինչպես երբեմնի մեկ պետության մասերի, իսկ այժմ` Վրաստանի եւ անջատված մասերի միջեւ փոխհարաբերություններում փոխզիջումներ փնտրենք»:

«Սակայն դա կլիներ քաղաքական գործընթաց: Ես չգիտեմ, թե ինչ հեռանկարներով: Գուցե երբեք էլ համաձայնության չգայինք, գուցե ինչ-որ բան լիներ, կարող է պատահել` ի հայտ գար ինչ-որ համադաշնություն: Իսկ նա բռնեց ու քանդեց իր երկիրը: Ահա ես կարծում եմ, որ հենց դա կմնա մարդկանց հիշողության մեջ: Եվ դա ամենագլխավորն է», - հայտարարել է Մեդվեդեւը:

Նա նաեւ Վրաստանին կոչ է արել չարգելափակել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցությունը:

«Եթե Վրաստանի իշխանությունները իմաստություն ցուցաբերեն եւ հանեն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության արգելքը, այդ քայլը կարող է ռուս - վրացական առեւտրատնտեսական հարաբերությունների վերականգնման սկիզբ դառնալ», - հայտարարել է Մեդվեդեւը:

Վրաստանը արգելք է դրել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության համար, ու թեեւ ռուսաստանյան իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ մինչեւ տարեվերջ Ռուսաստանը այս կազմակերպության անդամ է դառնալու, առանց պաշտոնական Թբիլիսիի համաձայնության դա հնարավոր չէ:

Ռուսաստանի նախագահը հարցազրույցում ասել է, որ եթե Վրաստանը տա իր համաձայնությունը, պաշտոնական Մոսկվան կարող է վերականգնել առեւտրատնտեսական հարաբերությունները, հետո նույնիսկ` դիվանագիտական հարաբերությունները Թբիլիսիի հետ, սակայն ո'չ Հարավային Օսիայից եւ ո'չ էլ Աբխազիայից, միանշանակ, չի հրաժարվի:

Մեդվեդեւը նաեւ ասել է, որ դեմ չի լինի, եթե Սահակաշվիլին կանգնի միջազգային դատարանի առջեւ` Հարավային Օսիայի վրա հարձակվելու համար: Սակայն Ռուսաստանի նախագահը հավելել է, թե հասկանում է, որ այսօր դա հնարավոր չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG