Մատչելիության հղումներ

Վրաց նախարար. «Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի 2012-ին»


«Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքները միացնող Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի 2012 թվականին», - հայտարարել է Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` վրաց նախարարը հավելել է, որ հաջորդ տարի կավարտվի նաեւ Ախալքալակում երկաթուղային կայարանի շինարարությունը:

«Այս նախագիծը կարեւոր է Վրաստանի ենթակառուցվածքի զարգացման համար: Նշված երկաթուղով բեռները Չինաստանից ամենակարճ ժամկետում Վրաստանի տարածքով տարանցմամբ մուտք կգործեն եվրոպական շուկաներ», - ասել է Նիկոլաիշվիլին:

Ադրբեջանական գործակալությունը հիշեցնում է, որ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին տրամադրել է նախ 200 միլիոն, ապա` 575 միլիոն դոլարի վարկ:

Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծի շինարարության մեկնարկը ազդարարվել է 2007 թվականի նոյեմբերին: Երկաթուղու թողունակությունը կազմելու է 17 միլիոն տոննա բեռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG