Մատչելիության հղումներ

Օգոստոսի 2-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. -«Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքը կարծես թե առանձնապես ինտրիգային չէ, քանի որ քաղաքական իմաստով ինտրիգը հանրահավաքային տիրույթից տեղափոխվել է Կոնգրես-իշխանություն պատվիրակությունների բանակցային տիրույթ: Եվ այդ տեսանկյունից, օրինակ, շատ ավելի ինտրիգային է թվում, ասենք, երկու օր անց կայանալիք Կոնգրես-կոալիցիա հերթական հանդիպումը, քան այսօրվա հանրահավաքը: Բայց, մյուս կողմից, այսօրվա հանրահավաքը մի ոչ պակաս կարեւոր հարցի պատասխան ունի տալու՝ նոր իրավիճակում ի՞նչ դեր եւ նշանակություն են ստանալու հանրահավաքները, դրանք կոմունիկացիոն ի՞նչ երեւույթ են լինելու եւ արդյունավետության տեսանկյունից ինչպիսի՞ն են լինելու»:

«Հայոց Աշխարհ»-ը ներկայացնում է հանրահավաքային պահանջների իր ընկալումը. - «Վերջին շրջանում իշխանության հետ իր երկխոսության ընթացքում արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը ՀԱԿ-ի համար դարձել է այն միակ «քաղաքական խաղաթուղթը», որով փորձ է արվում առաջ տանել հայոց պատմության իր տարօրինակ պարբերացումը։ «Ձեռի հետ» էլ ՀԱԿ-ը սպառնում է, որ եթե մինչեւ աշուն այդ պահանջը չընդունվի, ապա նորից գործի են դրվելու քաղաքական ճնշման արմատական մեթոդները։ Խնդիրը հետեւյալն է. եթե կատարվի այդ պահանջը, ապա իշխանությունը կընդունի, որ 2008-ի նախագահական ընտրություններում ոչ թե երկրի գործող նախագահը, այլ կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է ստացել ընտրողների մեծամասնության քվեները: Որեւէ այլ քաղաքական կամ տնտեսական «ֆորսմաժորային հիմնավորում» արտահերթ ընտրությունների պահանջը չունի. երկրում ու նրա շուրջը որեւէ արտակարգ բան չի կատարվում, որ արտահերթի մասին որոշում կայացվի»։

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Երեկ Հայ ազգային կոնգրեսի երեքամյակն էր: 3 տարի առաջ այս օրերին հայ քաղաքական դաշտում հայտնվեց մի նոր քաղաքական ուժ, որի թիվ մեկ առաքելությունն ընդդիմության ներուժը միավորելն էր եւ, ինչպես հայտարարել էր, գործող իշխանություններին ասպարեզից հեռացնելը: Տարբեր վայրիվերումներ ունեցավ այս ուժը՝ հաջողություններ ու անհաջողություններ, երբեմն ճշգրիտ քայլեր արեց, բայց եւ սխալներից էլ զերծ չմնաց: Հասարակության մի հսկա հատված հավատաց նրան եւ նրա հետ կապեց իր ու երկրի ապագան: Իշխանությունը եւս տեղ-տեղ իր գործողությունները կառուցեց նրա քայլերի վերլուծության եւ կանխատեսման հիման վրա: Սակայն հայտնի է, որ շատ անողից շատ էլ պահանջում են: Եվ քննադատում են, որպես կանոն, նրան, ումից ավելին են ակնկալում, քան նա տալիս է: Ով ի վիճակի է ավելին տալու: Ընդդիմություն լինելը մեր տիպի երկրներում նույնքան, գուցե ավելի պատասխանատու գործ է, քան իշխանություն լինելը»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Այսօրվա ընդդիմության կողմնակիցները բաժանվում են երկու մասի` ռադիկալ եւ չափավոր: Երկուսն էլ, բնականաբար, ցանկանում են, որ Կոնգրեսը գա իշխանության, քանի որ հավատում են, որ այդպիսով Հայաստանի բնակչության համար կապահովվի բարեկեցիկ կյանք եւ արդարություն: Տարբերությունը, բնականաբար, այն մեթոդների մեջ է, որոնց միջոցով հնարավոր է հասնել բաղձալի իշխանափոխության: Առաջինների տարերքը փողոցն է` ոստիկանների գլխարկ թռցնելը, մամուլում եւ սոցիալական ցանցերում հայհոյանքներ գրելը, չբացահայտված սերժականների «դիմակը պատռելը», նստացույցեր անելը, վրաններ խփելը եւ այլն: Երկրորդները գերադասում են իրենց մտքերն արտահայտել ոչ փողոցային ժարգոնով, լուռ, առանց բղավելու կանգնել Ազատության հրապարակում, մասնակցել Կոնգրեսի տեղական կառույցների ստեղծմանը եւ ուժեղացմանը: Անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը խնդիր ունեն հավասարակշռություն պահպանելու իրենց ընտրազանգվածի այս երկու հատվածների միջեւ` այնպես, որ ոչ ռադիկալները խրտնեն, ոչ էլ չափավորները»:

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Երբ ասվում է, թե Հայաստանը կշահի, եթե գործող կառավարությունը ոչինչ չանի, առաջին հայացքից չափազանցություն է թվում: Իրականում այստեղ ոչ մի, բացարձակապես ոչ մի չափազանցություն չկա: Հայաստանը ապրել է մի ժամանակաշրջան, երբ կառավարությունը ոչինչ չի արել: Դա պայմանականորեն կարելի է անվանել «Քոչարյանի ժամանակաշրջան»: Այդ տարիներին չի արվել ոչինչ` ոչ մի բարեփոխում: Բայց Հայաստանում արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ: Իհարկե, ամենեւին դժվար չէ երկնիշ աճ ապահովել այնպիսի պայմաններում, երբ տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասնավոր փոխանցումներ են գալիս արտասահմանից, երբ Հայաստանից արտահանվող գունավոր մետաղների հանքաքարերի գները աճում են օր-օրի: Այդ տարիներին բոլոր երկրներում էր «տնտեսական հրաշք» արձանագրվում: Դա հետո պարզվեց, որ համաշխարհային տնտեսությունը ընդամենը անիմաստ «տաքանում է», պղպջակ է փչվում, եւ շուտով` շատ շուտով այդ պղպջակը այնպես է պայթելու, որ առնվազն մի 2-3 տարի համաշխարհային տնտեսությունը խելքի չի գալու: Եվ ահա այդ պայմաններում կառավարությունը ոչինչ չէր անում, բայց ապահովում էր երկնիշ աճ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG