Մատչելիության հղումներ

IFC-ն աջակցում է Հայաստանի տնտեսական բարեփոխումներին


Պետություն - մասնավոր հատված համագործակցության (PPP) շրջանակում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերին Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հնարավոր մասնակցության հարցն է քննարկվել կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքի գլխավորած պատվիրակության հետ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այդ համատեքստում վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը Հայաստանի առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարությունների ու Ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիրն է: Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի կառավարության եւ «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրով ձեռք է բերվելու պրոտոնային արագացուցիչ` ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն հիմնելու նպատակով:

Թոմաս Լյուբեքը նշել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցում է Հայաստանի կառավարությանը տնտեսական բարեփոխումների հարցում:

Հանդիպման ընթացքում արծարծվել է Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցման գործում կորպորացիայի հնարավոր օժանդակության հարցը, քննարկվել են նաեւ կորպորացիայի եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության համագործակցության արդյունքում Doing Business-ի բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը` միտված հարկային, մաքսային եւ տեսչական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Վարչապետն ընդգծել է, որ գործարար միջավայրի բարելավումն առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար:

Հայաստանը Միջազգային ֆինանսական կորպորացիային անդամակցում է 1995 թվականից: Մինչ օրս IFC-ն կատարել է 147 միլիոն դոլարին համարժեք ներդրում` իրականացնելով 28 ծրագիր ֆինանսական շուկաների, արտադրության եւ հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններ նպատակաուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի եւ ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG