Մատչելիության հղումներ

Նորվեգիայի ահաբեկչությունների հեղինակը իրեն մեղավոր չի համարում


Նորվեգիայի ահաբեկչությունների համար մեղադրվող Անդերս Բրեյվիկը
Նորվեգիայի ահաբեկչությունների համար մեղադրվող Անդերս Բրեյվիկը
Օսլոյի քաղաքային դատարանում երկուշաբթի երեկոյան ավարտվել է հուլիսի 22-ին Նորվեգիայում տեղի ունեցած զույգ ահաբեկչությունների գործով դատավարության առաջին նիստը: Այն տեւել է շուրջ 35 րոպե:

Չնայած մեղադրյալը` 32-ամյա նորվեգացի Անդերս Բրեյվիկը բաց դատավարություն անցկացնելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն նիստը անցել է փակ ռեժիմում, քանի որ իշխանությունները չեն ցանկանում նրան հարթակ տրամադրել իր գաղափարները տարածելու համար, եւ բացի այդ` մտավախություն կա, որ նման ճանապարհով նա կարող է թաքնված հաղորդագրություններ ուղարկել իր համախոհներին:

Նորվեգիայի ոստիկանության տեղեկատվության համաձայն` հարցաքննության ընթացքում Բրեյվիկը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքն անցկացնել բանտում:

Իր հերթին, դատախազը հայտնել է, որ նիստի ընթացքում Բրեյվիկը շատ հանգիստ էր, կարծես նրան չէր հուզում տեղի ունեցածը եւ կարծես նա լիովին չէր հասկանում` ինչ է տեղի ունեցել: Նա նույնիսկ սկսել է հատվածներ կարդալ իր 1500-էջանոց մանիֆեստից, սակայն դատարանը ընդհատել է նրան:

Դատարանը որոշում է կայացրել 8 շաբաթով կալանավորել Բրեյվիկին, մինչ ընթանում է դատավարությունը: 4 շաբաթ նա կանցկացնի մենախցում: Նորվեգիայի օրենսդրության համաձայն` կալանքը չի կարող երկու ամսից երկար տեւել, չնայած հատուկ դեպքերում կարող են բացառություններ արվել:

Նիստի ավարտից անմիջապես հետո ոստիկանների ուղեկցությամբ Բրեյվիկը լքել է դատարանի դահլիճը:

Ահաբեկչությունների հետեւանքով, որոնցում մեղադրվում է Անդերս Բրեյվիկը, զոհվել է առնվազն 95 մարդ, եւս գրեթե 100 հոգի վիրավորվել է:

Դատարանի դահլիճում Բրեյվիկն ընդունել է, որ ինքն է ահաբեկչական հարձակումներն իրականացնել, սակայն հայտարարել է նաեւ, որ իրեն մեղավոր չի համարում:

Բրեյվիկի փաստաբան Գեյր Լիպեստադը փոխանցել է մեղադրյալի դիրքորոշումը. - «Նա ասում է, որ իր գործողությունները վայրագություն է համարում, սակայն, ըստ նրա, դրանք անհրաժեշտ էին»:

Օսլոյի քաղաքային դատարանի դատավոր Կիմ Հեգերը հայտարարել է, որ դատարանը ունի բավականաչափ ապացույցներ` Բրեյվիկին ահաբեկչություն կատարելու մեղադրանք ներկայացնելու համար:

Մանիֆեստում, որ Բրեյվիկը հրապարակել է ինտերնետում ահաբեկչությունից մի քանի ժամ առաջ, նա կոչ է անում խաչակրաց արշավ սկսել մահմեդականների եւ մարքսիզմի դեմ:

Բրեյվիկը հայտարարել է, թե գործել է մենակ եւ չի հանդիսացել ավելի մեծ աջ ծայրահեղական կազմակերպության անդամ, բայց ոստիկանությունը հայտարարում է, որ նրանք դեռ հետաքննում են վարկածը, թե նա մենակ չի գործել եւ աջակիցներ է ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG