Մատչելիության հղումներ

Գանձասարի պարսպի սալիկապատումն ավարտվել է


Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում ավարտվել են 13-րդ դարի Գանձասարի վանական համալիրի պարսպի սալիկապատման աշխատանքները:

Պարսպի սալիկապատումն իրականացվել է մոսկվաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով: Լեռնային Ղարաբաղի պետական լիազորված մարմինը պաշտոնապես արգելել էր պարսպի երեսպատումը եւ նպատակահարմար չէր համարել թույլտություն տրամադրել պատմական հուշարձանի վերանորոգման համար:

Չնայած լիազոր մարմնի բազմաթիվ զգուշացումներին, մասնագետների բողոքներին, հասարակական մի շարք նախաձեռնություններին, շինարարությունը շարունակվեց եւ ավարտին հասցվեց: Մինչդեռ երբ նոր էր սկսվել շինարարությունը, ԼՂ զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրել էր, թե շինարարական աշխատանքները շարունակելու դեպքում վարչությունը կտրուկ քայլեր կձեռնարկի:

Հարցին, թե ինչո՞ւ չձեռնարկվեցին այդ կտրուկ քայլերը, Սլավա Սարգսյանը պատասխանեց. - «Բայրացկամություն ի վերուստ պետք է լիներ ավելի վերեւներից, բայց ես կարծում եմ, որ հնարավոր է` այդ համաձայնությունը եղել է, եթե եղած չլիներ, դժվար թե այդ աշխատանքները կշարունակեին, համենայդեպս, շրջանցելով լիազորված մարմինների կարծիքը: Տվյալ պարագայում օրենքը չի կիրառվել: Գանձասարի վանքում մինչ այդ ներքին աշխատանքներ են իրականացվել, որոնք եւս չէին համաձայնեցվել: Ճեմարան կառուցվեց, հուշարձաններ քանդվեցին` թոնիրներ եւ հնագիտական այլ հուշարձաններ, դրանից հետո տարածքում 100-ից ավելի տապանաքարեր տեղահան արվեցին, դրանք եւս չէին համաձայնեցվել: Անպատժելիությունը ծնում է նոր անօրինական արարքներ», - ասաց Սարգսյանը:

Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը իր հերթին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե պարիսպն իր նախնական տեսքին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը կորոշվեն մասնագետների համաձայնության հիման վրա:

«Մենք ենթադրում ենք, որ պետք է մշակվի Գանձասարի շրջապարիսպների գիտական վերականգման նախագիծ, որը եւ կիրականացվի: Այդ նախագիծը կառաջարկվի բարերարին, որպեսզի ինքը ինքը իր ուժերով իրականացնի շրջապարիսպների գիտական վերականգնումը, եթե նա չցանկանա դա անել, մենք պետական միջոցներով կիրականացնենք բոլոր անհրաժեշտ աշխատանքները», -ասաց Շահվերդյանը:
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG