Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը Բան Կի-մունի ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի գործողությունների վրա


Երեկ ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի նամակը` ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուշադրությունը hրավիրելով հունիսի ընթացքում շփման գծում ադրբեջանական ռազմական ուժերի կողմից զինադադարի ռեժիմի շարունակական խախտման վրա` Հայաստանի դեսպանը, մասնավորապես, նշում է, որ «նման սադրիչ գործողությունները հակասում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, համանախագահ երկրների ղեկավարների բոլոր նախորդ հայտարարություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին»:

Նամակում Կարեն Նազարյանը մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի ղեկավարությունը հակահայկական քարոզչություն է իրականացնում, ինչը դառնում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մաս: Որպես դրա վկայություն` դեսպանը մատնանշում է այդ երկրի նախագահի ելույթները հունիսի 26-ին կայացած ռազմական շքերթի եւ հուլիսի 5-ին` ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի կապակցությամբ:

Ադրբեջանի իշխանությունների նման գործողություններն ակնհայտորեն խախտում են այդ երկրի միջազգային պարտավորությունները, ընդգծում է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը:

«Հայաստանը հավատարիմ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո, որն արդյունավետ եւ միջազգայնորեն միակ լիազորված ձեւաչափն է միջնորդությունն իրականացնելու համար: Եվ ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը գիտակցի, որ պետք է վերջ տա միջնորդների աշխատանքի խոչընդոտմանն ու անհիմն եւ վիրավորական տեղեկատվություն տարածելու փոխարեն կենտրոնանա ընթացող բանակցային գործընթացի վրա», - արտգործնախարարության հաղորդագրության համաձայն` ասված է Նազարյանի նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG