Մատչելիության հղումներ

Բրադկե. «Առաջիկայում տեսանելի կլինեն գործադրվող ջանքերի արդյունքները»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ
Տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի խոսքով` ներկայում ղարաբաղյան հակամարտության լուծման դիվանագիտության շատ ակտիվ փուլ է, եւ առաջիկա շաբաթներին տեսանելի կլինեն գործադրվող ջանքերի արդյունքները:

Նման հայտարարություն Բրադկեն արեց երկուշաբթի օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Այս առավոտ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքվից Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:

Արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպմանը շարունակվել են քննարկումները արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով նախատեսվող քայլերի վերաբերյալ:

«Միջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասաց, որ դրանք հակասում են թե' բանակցային գործընթացի տրամաբանությանը, թե' միջնորդների դիրքորոշմանը», - ասվում է հաղորդագրությունում:

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ճեպազրույցի ժամանակ ասաց. - «[Ինչպես հայտնի է], Կազանից հետո պետքարտուղար Քլինթոնը հեռախոսով խոսել է նախագահներ Սարգսյանի ու Ալիեւի հետ: Ուստի, ներկայում շատ ակտիվ փուլ է, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է զգույշ լինենք հապշտապ եզրակացություններ չանելու կամ արագորեն գնահատականներ չտալու` այս դիվանագիտության արդյունքների վերաբերյալ: Առաջիկա շաբաթներին մենք կտեսնենք գործադրվող ջանքերի արդյունքները»:

Բրադկեն նաեւ ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի սերտ համագործակցությունը:

«Դեսպան Ֆասիեն հիշատակեց [Ռուսաստանի] արտգործնախարար Լավրովի այցը Վաշինգտոն եւ այդ այցի ընթացքում Լավրովը հանդիպել է նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ու Սպիտակ տունը շատ պարզորոշ կերպով ի ցույց դրել իր աջակցությունը` Լավրովի ու նախագահ Մեդվեդեւի կողմից գործադրվող ջանքերին», - ասաց ամերիկացի համանախագահը:

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը իր հերթին ասել է. - «Ինչպես գիտեք այս ամսի 8-ին [Ռուսաստանի] արտգործնախարար Լավրովը եղավ Բաքվում եւ Երեւանում, որտեղ նա փոխանցեց [Ռուսաստանի] նախագահի անձնական ուղերձը, ինչպես նաև որոշ ձևակերպումներ` հիմնարար սկզբունքների վերաբերյալ»:

«Մենք եղել ենք Բաքվում, խոսել ենք նախագահի հետ, հանդիպել ենք արտգործնախարարի հետ: Ինչքան ես եմ տեղյակ` այսօր Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվայում հանդիպում է Սերգեյ Լավրովի հետ, եւ նա պետք է փոխանցի [Մեդվեդեւի] ուղերձին [ադրբեջանական կողմի] պատասխանը: Կարծում եմ, որ այսօրվա մեր հանդիպումներում կշոշափվի ուղերձի պատասխանի թեման, եւ մենք ակնկալում ենք առաջիկայում ստանալ նաեւ հայկական կողմի պատասխանը», - ասաց Պոպովը:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվա կատարած այցի ժամանակ այսօր արդեն փոխանցել է նախագահ Իլհամ Ալիեւի պատասխանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկներին:

Մոսկվայում Լավրովի հետ հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ Մամեդյարովը նաեւ հայտարարել է, թե այսօր «պետք է սպասել հայկական կողմի պատասխանին»:

Օրվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Համանախագահները այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. - «Բաքվում եւ Երեւանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում համանախագահները վերահաստատել են Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու անհրաժեշտությունը` որպես վերջնական կարգավորման բանակցությունների շրջանակ: Նրանք շեշտել են, որ եկել է տեւական խաղաղության, անվտանգության եւ տարածաշրջանի ժողովուրդների հաշտեցման համար հասնելուն անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորելու ժամանակը: Նախագահները հանձնառել են առաջիկայում ներկայացնել իրենց արձագանքները առաջարկված շրջանակային փաստաթղթի վերջին ձեւակերպումներին եւ շարունակել աշխատանքը համանախագահների եւ համանախագահող երկրների կառավարություններին հետ` խաղաղ կարգավորման որոնման գործընթացում»:

Այսօր հայտնի դարձավ նաեւ, որ տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ չեն մեկնի Ստեփանակերտ: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախագահ Բակո Սահակյանի կարճատեւ արձակուրդի հետ կապված` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ստեփանակերտ չի կայանա:

Ինչպես առավոտյան արտգործնախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Բեռնար Ֆասիեին, այդ պատճառով էլ երեկ Ստեփանակերտ ժամանելու փոխարեն իրենք մեկնել են տեսնելու Գառնին ու Գեղարդը:

please wait

No media source currently available

0:00 0:05:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG