Մատչելիության հղումներ

Մամեդյարովը փոխանցեց Ալիեւի պատասխանը Մեդվեդեւի առաջարկներին


Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը Մոսկվայում, 18-ը հուլիսի, 2011թ.
Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը Մոսկվայում, 18-ը հուլիսի, 2011թ.
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվա կատարած այցի ժամանակ փոխանցել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի պատասխանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկներին: Այդ մասին երկուշաբթի օրը ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հունիսի 24-ին Կազանում կայացած երեք նախագահների հանդիպումից հետո Դմիտրի Մեդվեդեւը ինձ հանձնարարեց Բաքվում եւ Երեւանում փոխանցել իր լրացուցիչ առաջարկները: Ես դա արեցի: Այսօր Էլմար Մամեդյարովը ինձ փոխանցեց Ադրբեջանի նախագահի պատասխանը», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Կասկած չունենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տարածաշրջանային օրակարգի առաջնայնություններից մեկն է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Լավրովը` հավելելով. - «Ռուսաստանը երկու երկրներին օգնում է հանգուցալուծումներ փնտրել ոչ թե միայնակ, այլ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ»:

«Մենք կշարունակենք ջանքերը այդ ուղղությամբ», - վստահեցրել է Սերգեյ Լավրովը եւ շարունակել. - «Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ հիմնարար սկզբունքների նախագիծը սկսվում է հետեւյալ բառերով. - «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները որոշեցին սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի վրա», ապա շարադրվում են սկզբունքները, որոնք էլ մենք համաձայնեցնում ենք, որոնք կմտնեն խաղաղ համաձայնագիր»:

«Դրանցից դեռ ոչ բոլորի շուրջ համաձայնություն կա: Համանախագահների միասնական կարծիքն այն է, որ քաղաքական փաստաթուղթը համաձայնեցման դեպքում շատ կարեւոր նշանակություն կունենար խաղաղ պայմանագրի վրա հետագա աշխատանքի համար: Այն պարունակում է արդեն նշանակալի թվով դրույթներ, որոնք պատրաստ են պայմանագրում ընդգրկելու համար, սակայն մի ամբողջ շարք այլ դրույթներ` դրանք շատ փոքրաթիվ են, սակայն առանցքային նշանակություն ունեն, դեռեւս համատեղ աշխատանքի առարկա են հանդիսանում», - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Մամեդյարովը, իր հերթին, ասել է, թե այսօր «պետք է սպասել հայկական կողմի պատասխանին»:

«Գտնում ենք, որ առաջընթաց [ղարաբաղյան կարգավորման գործընթացում] կա, մենք այն տեսնում ենք: Սակայն ներկայիս իրավիճակը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին, այդ թվում` միջնորդներին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Առանց որեւէ հիստերիայի մենք պետք է շարունակենք քննարկումը: Սկզբունքները, որոնք ներկայումս քննարկվում են, քաղաքական փաստաթուղթ են, այլ ոչ թե իրավաբանորեն պարտավորեցնող: Գտնում եմ, որ պետք է դուրս գանք դեպի իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի քննարկման մեկնարկը, ինչպիսին է խաղաղ պայմանագիրը: Ժամանակը դրա համար հասունացել է», - ասել է Մամեդյարովը` հավելելով. - «Եթե մենք սկսենք աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ, դա լուրջ ազդանշան կլինի, որ մենք առաջ շարժվելու քաղաքական կամք ունենք եւ պատրաստ ենք առաջ շարժվել»:

Այս հայտարարություններից ակնհայտ է, որ այն փաստաթուղթը, որ առաջարկում է Մոսկվան, Բաքուն չի ուզում ստորագրել:

Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանը, ապա Լավրովն ասել է. - «Ռուսաստանը շարունակելու է իր ջանքերն այս ուղղությամբ: Իսկապես Հիմնարար սկզբունքների համաձայնեցման մասին պայմանագիրը քաղաքական պայմանագիր է: Սակայն այդ քաղաքական պայմանագիրը եթե կնքվեր, մեծ նշանակություն կունենար վերջնական պայմանագրի համաձայնեցման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG