Մատչելիության հղումներ

Համանախագահները սկսեցին հանդիպումները Երեւանում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով նախատեսվող քայլերի վերաբերյալ:

Միջնորդները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել Բաքվում ունեցած իրենց հանդիպումներից ստացված տպավորությունները:

Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ դրանք հակասում են թե' բանակցային գործընթացի տրամաբանությանը, թե' միջնորդների դիրքորոշմանը:

Համանախագահները Երեւանում հանդիպելու են նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Անցած շաբաթավերջին միջնորդները Բաքվում հանդիպումներ ունեցան Ադրբեջանի ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG