Մատչելիության հղումներ

Երեւանի եւ Լիոնի քաղաքապետերը ստորագրել են գործընկերության համաձայնագիր


Երեւանի քաղաքապետի հրավերով հուլիսի 15-20-ը պաշտոնական այցով Երեւան ժամանած Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:

Գնահատելով Լիոնի քաղաքապետարանի մասնակցությունը Երեւանի ծրագրերում` Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջեւ փոխգործակցության լայն դաշտ կա:

«Մենք վստահ ենք, որ այն առաջարկները, որ ներկայացնում ենք ֆրանսիական գործընկերներին` շահավետ են: Անպայման ուզում եմ նշել, որ մենք առաջարկում ենք ֆրանսիական գործընկերներին իրենց մասնակցությունն ունենալ մայրաքաղաքում այսօր ձեւավորվող բիզնես ոլորտներում», – Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Լիոնի քաղաքապետի հետ զրույցում ընդգծել է Երեւանի քաղաքապետը։

Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբն իր հերթին նշել է, որ Երեւանը առանձնահատուկ գործընկեր է Լիոնի համար եւ կարեւորել է ապագա համագործակցությունը։

«Մենք կարող ենք կապող օղակ դառնալ Երեւանի քաղաքապետարանի եւ Լիոնի մեծ ձեռնարկությունների միջեւ: Տեսանելի է, որ Երեւանը բավականին փոխվել է, զարգացումն ակնհայտ է, եւ ես վստահ եմ, որ այստեղ ներդրումների լավ հնարավորություններ կան ֆրանսիական ընկերությունների համար»,- նշել է Լիոնի քաղաքապետը:

Հանդիպման վերջում Երեւանի եւ Լիոնի քաղաքապետերը ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի զարգացմանն ուղղված համատեղ եւ փոխշահավետ ծրագրերի իրականացում։

Պաշտոնական այցի շրջանակում ֆրանսիական պատվիրակությունը կմասնակցի Երեւանում Լիոնի այգու բացման հանդիսավոր արարողությանը:

Նախատեսվում են նաեւ այցելություններ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, ֆրանս-հայկական վարժարան, ինչպես նաեւ հանդիպումներ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG