Մատչելիության հղումներ

Ռուսաստան արտագաղթողների ցանկում հայերը չորրորդ տեղում են


Ըստ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հրապարակած զեկույցի, միայն 2009 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 54 800 հայ` զբաղեցրել երկրորդ տեղը Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիություն ստացող տասնյակ ազգությունների շարքում։

Հետազոտության համաձայն, 2005 թվականից սկսած Ռուսաստանում քաղաքացիություն ստացող հայերի թիվը սկսել է կտրուկ ավելանալ. եթե 2001-ին ռուսաստանյան անձնագիր է ստացել 19 267 հայ, ապա 2005-ին այդ թիվը կրկնապատկվել է, եւս 4 տարի անց՝ եռապատկվել։

Ընդհանուր առմամբ, համադրելով 2001 թվականից մինչեւ 2009 թվականն ընդգրկող տվյալները, կարելի է փաստել, որ 9 տարվա ընթացքում 272 հազարից ավելի հայ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։

Զեկույցը տվյալներ է ներկայացնում նաեւ մինչ այդ Ռուսաստանում առկա ազգությամբ հայ բնակչության մասին: Ըստ այդմ` 2002 թվականի դրությամբ, Դաշնությունում ապրել է 481 հազար հայ, սակայն նրանցից ընդամենը մեկ երրորդը՝ 136 հազարն են պահպանել Հայաստանի քաղաքացիությունը։

«Չեմ բացառում, որ Հայաստանը առաջիկայում կամ երբեւէ պատանդ դառնա՝ Ռուսաստանում հայերի մեծաքանակ ներկայության պատճառով», - վերլուծելով այս տվյալները՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` մանրամասնելով. - «Վերջին 10-15 տարիների ընթացքում պարբերաբար եղել են իրավիճակներ, երբ Հայաստանը կանգնած էր լինում Ռուսաստանից արագ վերադառնալու խնդիր ունեցող հայերին ընդունելու անհրաժեշտության առջեւ` այն դեպքում, երբ երկրում նրանց ընդունել պատրաստ չէին»։

«Ես նույնիսկ տագնապ ունեմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանում ապրող հայերի թիվը կարող է Հայաստանի համար կաշկանդող գործոն դառնալ», - հավելեց ազգագրագետը։

Նշենք, որ հրապարակված զեկույցի համաձայն, Ռուսաստան արտագաղթող տասը ազգությունների ընդհանուր հաշվեկշռում հայերը տոկոսային հարաբերությամբ չորրորդ տեղն են զբաղեցնում։ Առաջին երեք տեղերում են Ուկրաինան, Ուզբեկստանը եւ Ղազախստանը, որոնց բնակչությունը, սակայն, 5-10 անգամ գերազանցում է Հայաստանում պաշտոնապես գրանցված՝ 3.2 միլիոն բնակչությանը։

Ռուսաստանից բացի, ըստ կազմակերպության տվյալների, արտագաղթող հայերի նախընտրած ուղղություններն են նաեւ Ֆրանսիան, Լեհաստանը, Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Հոլանդիան եւ Հունաստանը։

Հունաստանում, օրինակ, Հայաստանի քաղաքացիություն ունեցող բնակչության թիվը 2000-2009 թվականների ընթացքում ավելացել է շուրջ չորս անգամ՝ մոտ երեք հազարից հասնելով 12 հազարի։ Լեհաստանում հայերն ընդգրկվել են ամենամեծ համայնքներն ունեցող երեք ազգությունների շարքում։

«Այս արտահոսքի վնասակար հետեւանքները վերացնելու համար չափազանց մեծ ջանքեր կպահանջվեն», - ասաց Հրանուշ Խառատյանը` շարունակելով. - «Հայաստանի կորուստը միայն ինտելեկտուալ կամ կարողություններ ունեցող մարդը չէ։ Հայաստանի կորուստը առաջին հերթին ժողովրդագրական կառուցվածքի որակական փոփոխությունն է՝ տարիքային, սեռային խմբերի համամասնության ու երկրի ընդհանուր սոցիալական կառուցվածքի փոփոխությունը»։

Զեկույցի համաձայն, հայերն ընդգրկվել են նաեւ այլ պետություններում ամենից շատ ապաստան խնդրող աշխարհի 25 ազգությունների շարքում։ Ընդ որում, եթե 2005 թվականին հայերն այս ցուցակում 18-րդն էին, ապա 2009-ին արդեն դարձել են 16-րդը, քանի որ ապաստան հայցող հայերի թիվը 4 տարվա ընթացքում ավելացել է շուրջ 22 տոկոսով։ Նրանց գրեթե կեսի նախընտրած երկիրը եղել է Ֆրանսիան, որտեղ ապաստան հայցող հայերի թիվը 2003 թվականից սկսել է կտրուկ ավելանալ: Այսպես, եթե 2000 թվականին ցուցանիշը եղել է 405, ապա 2003-ին այն եռապատկվել է, իսկ 2008-ին՝ արդեն հնգապատկվել։

Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը այսօր զեկույցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չներկայացրեց՝ խոստանալով այն հրապարակել հետազոտությանը ծանոթանալուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG