Մատչելիության հղումներ

Ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խումբը նիստ է անցկացնում Հայաստանում


Ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խումբը իր հերթական լիագումար նիստը անցկացնում է հուլիսի 11-15-ը Հայաստանում:

Խմբի ներկայացուցիչներին` նախագահ Բոուդվին Վերհելստի գլխավորությամբ, այսօր ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում ընդունել բազմաթիվ երկրների պատվիրակություններ, քննարկել ֆինանսական հետախուզության մարմինների առջեւ ծառացած խնդիրները, առկա պրոբլեմները եւ հետագա անելիքները», - կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ ասել է վարչապետը:

«Հայաստանը բավական լուրջ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, եւ համոզված ենք, որ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնն այսօր համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին: Հայաստանի իշխանությունները մշտապես մեծ ուշադրություն են դարձրել փողերի լվացման խնդիրներին, եւ մեր երկրի վարկանիշն այդ տեսակետից միշտ համարվել է բարվոք», - նշել է Տիգրան Սարգսյանը:

Բոուդվին Վերհելստը ներկայացրել է «Էգմոնտ» խմբի գործունեության ուղղությունները, անդրադարձել կառույցի ընթացիկ նիստում քննարկվող հարցերին, մասնավորապես, առկա մարտահրավերներին, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման միասնական ցանցի ձեւավորման հեռանկարներին:

«Էգմոնտ» խումբը ստեղծվել է 1995 թվականին` նպատակ ունենալով համագործակցության միասնական հարթակ ձեւավորել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված տարբեր պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ) համար: «Էգմոնտ» խմբի հիմնական դերը կառույցին անդամակցող ՖՀՄ-երի միջեւ տեղեկատվության փոխանակման միասնական սկզբունքների եւ անվտանգ ցանցի գործարկումն ու զարգացումն է: Ներկայումս խմբին անդամակցում են շուրջ 120 պետությունների ֆինանսական հետախուզության մարմիններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG