Մատչելիության հղումներ

Սխալ դիմահարդարումը կարող է վնասել մաշկը


Դիմահարդարումն ավելի շատ նախատեսված է ծեր մաշկի համար, որպեսզի այն ավելի երիտասարդացնի: Դիմահարդարումը կարող է ինչպես թարմացնել դեմքը, այնպես էլ ծերացնել: Այն նաև վտանգավոր է ցանկացած տարիքի համար, եթե սխալ է արվում:

Կարել է շատ քիչ դիմահարդարվել դեմքը փոշուց պաշտպանելու համար, հատկապես փոշոտ Երեւանում: Բայց կարեւոր է դեմքը նախապատրաստել դիմահարդարմանը:

«Կան հատուկ քսուքներ, հեղուկներ, որոնցով կարելի է մաքրել դեմքը: Կա նաև շպարը ճիշտ մաքրելու խնդիրը: Միայն ջրով լվացվելը օգուտ չէ: Պետք է նախ` շուրթերը, հետո` աչքերը, հետո դեմքը մաքրել», - խորհուրդ է տալիս կոսմետոլոգ-դիմահարդար Մարիետան:

Շպարը մաքրելու համար կան հատուկ միջոցներ եւ պարագաներ, որոնց եւս պետք է ուշադրություն դարձնել:

«Պետք է վերցնել ոչ թե բամբակ կամ բինտ, այլ հատուկ կլոր բամբակներ` շպարը մաքրելու համար: Սրանք բոլորը մանրուքներ են, որոնց [ուշադրություն չդարձնելը] կարող է վտանգավոր լինել», - ասում դիմահարդարը:

Հարկավոր է նաեւ դիմահարդարման նյութերը ճիշտ ընտրել, իսկ մաշկի հետ կապված խնդիրներ ունեցող կանայք եւ աղջիկները, դիմահարդարի խոսքերով, պետք է զգույշ լինեն, քանի որ բորբոքված մաշկի վրա քիմիական նյութեր օգտագործելը կարող է խորացնել բորբոքումը:

Դիմահարդարումը պետք է ներդաշնակ լինի հագուստին, մաշկի գույնին: Ամռան ու ձմռան գույները պետք է տարբերվեն. - «Ամռանն ավելի վառ գույների մեջ ես դիմահարդարվում, ձմռանն`ավելի մեղմ, նյութերի առումով եւս տարբերություն կա. ամռանը չի կարելի օգտագործել տոնավորող քսուքը, կան արեւից պաշտպանող քսուքներ»,- նշում է Մարիետան:

Այսօր կարելի է հանդիպել 13-14 տարեկան աղջիկների ովքեր եւս օգտվում են դիմահարդարման պարագաներից: Կոսմետոլոգի խոսքով` նրանք շատ հաճախ նայում են շոուբիզնեսի ներկայացուցիչներին ու չեն տարբերում բեմն ու առօրյան:

«13-14 տարեկաններին, իհարկե, խորհուրդ չեմ տալիս [շպարվել], իսկ եթե ուզում են, գոնե ճիշտ անեն: Հասունացման տարիքում կան խնդիրներ, որոնք մեր աղջիկները ուզում են ծածկել, բայց, օրինակ, տոնավորող քսուքը չի ծածկում, այլ ավելի արտահայտիչ է դարձնում թերությունները: Եթե ամենօրյա ճիշտ խնամքը լինի, ոչ մի տարիքում էլ պետք չի լինի դիմահարդարում», - ասում է նա:

Էլեն Չիլինգարյան
XS
SM
MD
LG